Դինքի գործով հնարավոր է պատժվեն նաև Թուրքիայի ՆԳ նախարարության տեսուչները

Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեք

Թուրքիայի ներքին գործերի նախարարության երկու տեսուչների դեմ գործ է բացվել Հրանտ Դինքի սպանությանը առնչություն ունեցած բարձրաստիճան ոստիկանների գործողությունները կամ ավելի ճիշտ նրանց հանցավոր անգործությունն ու անփութությունը թաքցնելու համար։

Yeni Safak թերթը մարտի 2-ին գրել է, որ ներքին գործերի նախարարության տեսուչներ Մուստաֆա Ուչկույուն և Մեհմեթ Չանօղլուն հնարավոր է պաշտոնակ արվեն իրենց իսկ կազմած զեկույցների ուսումնասիրության արդյունքում:

ՆԳՆ-ի տեսուչների զեկույցները վերաբերում են ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքի և Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերի դերակատարությանը՝ կապված Հրանտ Դինքի սպանության հետ: 2007-ին, Դինքի սպանության ժամանակ Յըլմազերը Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի ղեկավարն էր:

Ներքին գործերի նախարարության տեսուչները 2009-ի նոյեմբերի 9-ին թվագրված իրենց զեկույցներում պնդել են, որ ըստ Տրապիզոնի ոստիկանության 2006-ի փետրվարի հաղորդագրության՝ Յասին Հայալը ահաբեկչական որևէ կազմակերպության հետ կապ չունի:

Դրանից 11 ամիս անց Յասին Հայալը կազմակերպեց Հրանտ Դինքի սպանությունը, որն իրականացրեց Օգյուն Սամասթը:

Ըստ տեսուչների զեկույցների` Տրապիզոնի ոստիկանությունը իբր նաև ասել է, թե Հրանտ Դինքը պաշտպանության կարիք չունի, քանի որ ահաբեկչական կազմակերպությունների թիրախում չէ: Իսկ Յըլմազերը հարցաքննության ժամանակ ասել է, որ եթե որևէ մեկը ահաբեկչական կամ քրեական կազմակերպությունների, խմբավորումների թիրախում չէ, ապա չի ընդգրկվում պաշտպանության կարիք ունեցողների ցանկում:

Միաժամանակ Yeni Safak-ը վկայակոչում է երկրի վարչապետի համար 2008-ի հոկտեմբերի 10-ին պատրաստված մեկ այլ զեկույց, որտեղ Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի քրեական հետախուզությունը ղեկավարած Յըլմազերը մեղադրվում է անգործության համար:

Թուրքիայի ոստիկանության քրեական հետախուզության նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը վերջերս՝ փետրվարի 27-ին ձերբակալվել է հանցավոր անգործության մեղադրանքով, որի արդյունքում հնարավոր է եղել կազմակերպել ու սպանել Հրանտ Դինքին:

Դինքի սպանությանը բարձրաստիճան ոստիկանների առնչության վարկածը դատաքննության առաջին փուլում փակվել էր, բայց անցյալ տարվանից նրանց մասով գործը սկսվեց վերանայվել: Հարցաքննվեցին մեկ տասնյակից ավելի նախկին պաշտոնյաներ ու բարձրաստիճան ոստիկաններ: