Հարուցվել է քրեկան գործ պայմանագրային զինծառայողի անհետ կորելու դեպքի առթիվ

Արթուր Աֆյան

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 26-ամյա Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Աֆյանին։ Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին ոստիկանությունը որպես անհայտ կորած որոնում էր Աֆյանին։ Վերջինս ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող է և դեպքի օրը եղել է ծառայությունից դուրս։