Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության երեկ հրապարակած զեկույցի՝ Հայաստանին նվիրված բաժինն առանձնանում է հավաքների ազատության, խաղաղ ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ուժի գործադրման դեպքերին անդրադարձով:
Տեղում աշխատող իրավապաշտպանները, ըստ զեկույցի, շարունակում են բարձրաձայնել ոստիկանական բաժանմունքներում ծեծի և վատ վերաբերմունքի դեպքերի բարձր ցուցանիշի մասին:
«Իրավապահներն այդպես էլ արդյունավետ քննություն չեն կատարել ձերբակալված ժամանակ ոստիկանությունում ընդդիմադիր առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ», - ասված է զեկույցում:
Ավելիր քան վեց ամիս առաջ Շանթ Հարությունյանը դատարանում վերահաստատեց ավելի վաղ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և իրավապաշտպան Արթուր Սաքունցին ներկայացրած իրավիճակը, ըստ որի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հարվածել է իրեն․ - «Էնքան որ խփեց․․․»:
Ոստիկանապետը հարցադրմամբ էր հանդես եկել. - «Ի՞նչ եք պատկերացնում, եթե ոստիկանապետը իրեն թույլ տար նման բան անել, Շանթից բան կմնա՞ր»:
Իշխանափոխության դուրս եկած Շանթ Հարությունյանը դատական նիստի ժամանակ վկայել էր ոստիկանությունում մեկ այլ միջադեպի մասին: Առանց նշելու կոնկրետ ոստիկանի անունը, Շանթը պատմել էր, որ ոստիկանը զենքով էր փորձել վախեցնել. - «Ասեց՝ հիմա գլխիցդ խփեմ, գրանցեմ դժբախտ պատահար»:
Քաղաքական պայքարից հետո խուլիգանության մեղադրանքով դատապարտված Շանթ Հարությունյանի պաշտպանը՝ Ինեսա Պետրոսյանը, մեկնաբանելով իրավապաշտպան կազմակերպության զեկույցի ձևակերպումները, բացատրեց, թե ինչու տեղական իրավապահները հրաժարվեցին իրավական գնահատական տալ. - «Իրավական գնահատական չէր կարող տրվել, որովհետև իրենք [«արժեքների հեղափոխության» գործով դատապարտվածները] քաղբանտարկյալներ են, հետապնդվեցին իրենց քաղաքական հայացքների համար, բռնություններն էլ իրականացրեցին նույն իշխանությունների հովանու ներքո ոստիկանության աշխատակիցները»:
Ըստ Պետրոսյանի՝ բռնությունների հիմքում քաղաքական շարժառիթներն են. - «Դե, պարզ է՝ մեր երկրում ընդդիմադիր ուժերի հետ ոնց են վարվում: Այսինքն՝ այն ուժերի, ովքեր իրավունք ունեն կրել որոշ արժեքներ, այդ արժեքների համար պայքարել, երթեր անել խաղաղ, տապալում են, որ, այո, դրանով դաս տային նաև մյուս ուժերին»:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի բացատրությունը հետևյալն է. - «Ոստիկանապետի կողմից ոստիկանության բաժնում Շանթ Հարությունյանի նկատմամբ բռնությունը առաջին հերթին ոստիկանապետի անպատժելիության զգացողությունն է»:
Ըստ իրավապաշտպանի՝ թեև Հայաստանի իրավապահ համակարգն անհետևանք թողեց բռնությունների վերաբերյալ հայտարարությունները, դրանք անհետևանք չեն մնա Եվրոպական դատարանում: «Ուղղակի անհետևանք է մնում Հայաստանում այդ բռնությունները բացահայտելու գործընթացը: Հայաստանը երբևիցե չի մտածում իր վարկի մասին, որ ամեն տարի տեղ է զբաղեցնում միջազգային տարբեր զեկույցներում բռնությունների, խոշտանգումների և ընդհանրապես՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ կապված»: