Այսօր տարածաշրջանային այցով Երևանում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Նա արդեն հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան այսօր նաև այցելել է Ցեղասպանության թանգարան, հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը դռնփակ հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվում է նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, ով բազմիցս քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ ընդդիմախոսների նկատմամբ բռնությունների և ազատությունների սահմանափակման համար: Հիմա էլ մտադիր է պետքարտուղարի տեղակալին փոխանցել այս մտահոգությունները:
«Մեր հարցերից ամենագլխավորը ժողովրդի միջից իշխանություն ունենալու հարցն է: Մնացածը բխում են սրանից․ հենց կարողացանք այնպես անել, որ իշխանությունը մեզնից լինի, այդ ժամանակ մյուս հարցերի լուծման համար այդ իշխանության հետ կնստենք խոսելու, այդ իշխանությունն էլ ստիպված կլինի նստելու և լսելու մարդկանց: Հիմա իրադրությունը այդպիսին չէ․ իշխանությունը ինքն իրենից է և ինչպես ուզում, այնպես անում է: Անում է այն բոլոր լավ բաներն ու բարիքները, որոնք որ իր իշխանական երկարակեցությանը չեն վնասում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսեղյանը:
Նախկինում էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպել են արտերկրյա բարձրաստիճան դիվանագետների հետ, հայտնել իրենց մտահոգությունները Հայաստանում տիրող իրավիճակի մասին։ Լևոն Բարսեղյանը կարծում է, որ միջազգային հանրությունից ակնկալիքներ կարելի է ունենալ միայն այն դեպքում, եթե երկրում ձևավորված է ազդեցիկ քաղաքացիական հասարակություն․ - «Երկրորդական, երրորդական, չորրորդական հարց է, թե դրսի աշխարհը ինչպիսին է տեսնում այստեղի խնդիրների լուծումը: Այստեղի խնդիրների լուծումը մենք պիտի խելք ունենանք՝ տեսնենք, լուծենք: Եթե չէ, ուրեմն տեղն է, որ Սերժ Սարգսյանին կանչեն Մոսկվա, ասեն գնա էս թուղթը ստորագրի, ժողովրդիդ հավաքի տեղափոխի Ալթայ կամ Կամչատկա և այլն»:
Հանդիպմանը մասնակցել է նաև հաշմանդամների «Ունիսոն» կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը, ով բարձրաձայնել է իրենց ոլորտի խնդիրները․ - «Միջավայրի անհասանելիություն, բյուրոկրատական խոչընդոտներ որոշ դեպքերում, հատկապես հաշմանդամության խումբ ստանալիս»:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպել են նաև խոսքի ազատության ոլորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիական ակտիվիստներ:
Մինչև Հայաստան ժամանելը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այցելել է Ադրբեջան և Վրաստան: Բաքվում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել զերծ մնալ շփման գծում իրադրությունը սրելուց և ակտիվացնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Ես այստեղ էի ժամանել ուղերձով, և նույն ուղերձն էլ կտանեմ Հայաստան: Մենք ցանկանում ենք, որպեսզի բռնարարքներին վերջ տրվի, և կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջը: Մենք պատրաստվում ենք աջակցել այս գործընթացին` Մինսկի խմբի ձևաչափի միջոցով», - հայտարարել է Նուլանդը: