Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Միացյալ Նահանգների Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ 2010 թվականին Ծիծեռնակաբերդ էր այցելել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այդ մասին տարածված հաղորդագրությունում ԱՄՆ դեսպանատունը նշել էր, որ «Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին»:
Նշենք, որ Հայաստան կատարած այցի ընթացքում Նուլանդը հանդիպումներ է ունենալու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության և երիտասարդական խմբերի հետ:
Մինչ Հայաստան ժամանելը, ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այցելել է Ադրբեջան և Վրաստան: