ԲՀԿ-ականի ծեծի գործով տեղազննություն է կատարվել նրա կուսակցին պատկանող տարածքում

Your browser doesn’t support HTML5

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու գործով քննիչները տեղազննություն են իրականացրել նրա կուսակցին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող տարածքում, որը վարձակալությամբ տրված է իրանցի առևտրականներին։

«Կենտրոն» հեռուստաընկերությունը տարածել է տեղազննության մասին պատմող տեսանյութ, որտեղ ԲՀԿ խմբակցության պատգամավորները գործը վարող քննիչներին մեղադրում են քննությունը սխալ ուղղությամբ տանելու և սլաքը դեպի իրենց կուսակցություն ուղղելու համար։

Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քննիչներին ասել է.- «Ի դեպ, մի վարկած առաջարկեմ ձեզ՝ Արտակ Խաչատրյանի ինքնախարազանման կամ ինքնածեծի վարկածը... Մենք հասկանում ենք, որ դուք ձեզ վրա վերցրել եք մի առաքելություն, որն ուղղակիորեն պարտադրել են ձեզ։ Դուք ևս այս երկրի քաղաքացիներ եք, մի արեք բաներ, որի համար անհարմար եք զգալու»։

Քննիչը հակադարձում է, թե իրենց ոչինչ չի պարտադրվել, իրենք կատարում են օրենքով սահմանված իրենց լիազորությունները։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» այսօր տեղեկացրին, որ այդ տարածքում տեղազննություն է կատարվել՝ ստուգելու ցուցմունքներում առկա տեղեկատվությունը։ Արտակ Խաչատրյանը, ձեռնպահ մնալով հարցին քաղաքական մեկնաբանություն տալուց, ասում է, որ ինքը ևս եղել է տեղազննության վայրում, սակայն նշել է, որ դա այն տարածքը չէ, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը։ Թեև կասկածի տակ առնված տարածքն իր կուսակցին էր պատկանում, սակայն Խաչատրյանը հույս ունի, որ դա քննությանը սխալ ընթացք տալու միտում չունի։

«Չի բացառվում տարբերակ, որ չբացահայտվի, բայց ես ինքս լիահույս եմ և հավատում եմ, որ իրավապահ մարմինները կանեն հնարավորինը՝ շուտափույթ բացահայտման համար։ Ես հարկ եղած դեպքում կաջակցեմ նրանց»,- ասաց Խաչատրյանը։

Փետրվարի 7-ին երեք անհայտ անձինք Խաչատրյանին առևանգել և մի քանի ժամ շարունակ ծեծի էին ենթարկել։ Մինչ այդ նա ակտիվորեն մասնակցում էր շրջանառության հարկի դեմ փոքր և միջին ձեռներեցների պայքարին։ Այսօր ԲՀԿ կուսակցության ակտիվիստը դուրս գրվեց հիվանդանոցից։ Բժիշկները նրա առողջական վիճակը բավարար են գնահատում, չնայած դեռ կշարունակի լինել հսկողության ներքո։ Խաչատրյանն ասում է, որ կվերսկսի իր հասարակական-քաղաքական գործունեությունը։

«Ես շարունակում եմ մնալ կուսակցության անդամ։ Ես հավատարիմ եմ իմ կուսակցության գաղափարախոսությանը, հատկապես կուսակցության ղեկավարին, և որպես անձ, որպես անհատ՝ անկախ ամեն ինչից ես Գագիկ Ծառուկյանի կողքին կանգնած մարդ եմ»,- ասաց Խաչատրյանը։