Մատչելիության հղումներ

Արտակ Խաչատրյանին առևանգել է դիմակավորված երեք տղամարդ


Արտակ Խաչատրյանի բողոքի ակցիայի ժամանակ, 29-ը հունվարի, 2015թ․
Արտակ Խաչատրյանի բողոքի ակցիայի ժամանակ, 29-ը հունվարի, 2015թ․

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ:

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննությամբ պարզվել է, որ փետրվարի 7-ին ժամը 12:00-ի սահմաններում, Արտակ Խաչատրյանը և իր ընկեր Ն.Աբրահամյանը «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են Երևան քաղաքի Տոլստոյի փողոցում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրին և կայանել նշված համալիրին կից պատի տակ:

Այդ պահին Տոլստոյի փողոցի վերևի հատվածից արագ նրանց է մոտեցել «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենա, որից իջել է դիմակավորված, սև համազգեստով, խոշորամարմին երեք տղամարդ։

«Նախնական տվյալներով՝ նրանց մոտ եղել է նաև հրազեն։ Նրանք Ն. Աբրահամյանին հրել են մի կողմ, իսկ Ա.Խաչատրյանին նստեցրել ավտոմեքենան և արագ ընթացել Նար-Դոս փողոցի ուղղությամբ: Ա. Խաչատրյանին առևանգելուց հետո մի քանի ժամ ծեծի են ենթարկել, որից հետո նրան բաց թողել մի ամայի տարածքում, որտեղից էլ վերջինս ինքնուրույն եկել է իր բնակարան։ Նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Ա.Խաչատրյանը շտապօգնության 73-րդ անձնակազմի միջոցով իր բնակության վայրից տեղափոխվել է «Մալաթիա» Բժշկական կենտրոն», - մասնավորապես ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ դեպքի օրը տուժողի մոտ եղել է երկու հեռախոս, որոնցից մեկը հայտնաբերվել է «Մետաքս-Գոլդ» կոչվող շենքի մոտակայքում. ըստ ականատեսի՝ հեռախոսը դուրս է նետվել «Տոյոտա» մակնիշի սև ավտոմեքենայից: Երկրորդ հեռախոսը հայտնաբերվել է Երևան քաղաքի Խաղաղ-Դոն փողոցում»։

«Քրեական գործի շրջանակներում պարզվել են հեռախոսները սև մեքենայից նետելը նկատած քաղաքացիների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են իրենց հայտնի հանգամանքների շուրջ»:

«Նախաքննության ընթացքում տուժող Ա.Խաչատրյանի եղբայրը քննությանն է ներկայացրել տեսագրություն, որի զննությամբ պարզվել է, որ դեպքի օրը Նարեկ Աբրահամյանի վարած «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենային հետևել է «Տոյոտա կորոլա» մակնիշի սև ավտոմեքենան»:

«Պարզվել է, որ «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Խաչիկ Տեր-Հակոբյանին, որը դեպքի օրը վարել է Ն.Աբրահամյանը։ Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու «Տոյոտա կորոլա» մակնիշի սեփականատիրոջ ինքնությունը, նշված ավտոմեքենան, հնարավոր տեսագրությունները հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար», - ասված է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG