Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը, տեղեկացնում է կոմբինատի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Առողջապահության նախարարությունը վերահաստատեց, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի: Միաժամանակ, պարզվել է, որ 13 հիվանդներից 5-ը հանդիսանում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը», - ասված է կոմբինատի տարածած հաղորդագրությունում, որտեղ նաև նշված է, որ կոմբինատի ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը:
Հիշեցնենք, հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ «Քաջարանի բժշկական կենտրոնում» մի քանի քաղաքացիներ վարակվել են հեպատիտ C-ով։ Գործի առնչությամբ հունվարի 18-ին Քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց։ Նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել ստերիլիզացման կանոնները խախտելու հետևանքով. վարակազերծված չի եղել մի քանի բժշկական գործիք։