Մի քանի օր շարունակված ցույցերից հետո այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ քննարկել ձեռներեցների խնդիրներն ու առաջիկա օրերին տալ հստակ պատասխան։
«Մեր նպատակն է, որ դուք արարեք, աշխատեք, ապրեք, ձեր ընտանիքները պահեք: Մենք հո չե՞նք ձեր թշնամին: Հակառակը, մենք ուզում ենք նորմալ պայմաններ ձեր համար ստեղծենք: Երեք հարցերի մասին երկուշաբթի երեկոյան ես ձեզ կպատասխանեմ: Պայմանավորվեցի՞նք», - ցուցարարների պատվիրակների հետ հանդիպմանն ասել էր վարչապետը:
Կառավարության շենքում ցուցարարների պատվիրակության հետ հանդիպումը տևեց մոտ երկու ժամ։ Ձեռներեցները բավական ոգևորված դուրս եկան Կառավարության շենքից։
«Եղել է մեր կողմից առաջարկ, որ քննարկվի, որ մարդիկ, ովքեր կամենում են աշխատել մեկ տոկոս տոկոսադրույքով, թող աշխատեն, ցանկության դեպքում մարդուն չզրկեք: Իսկ ովքեր որ կկամենան աշխատել երեքուկես տոկոսով, խնդրեմ, թող նորից աշխատեն: Այսինքն, մենք այսպիսով լուծում ենք այն խնդիրը, որը սպառնում էր մեզ: Կարծում ենք, որ հարցը պետք է դրական լուծում ստանա», - Կառավարության շենքի մոտ հավաքվածներին փոխանցեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած ձեռներեցներից մեկը:
Ցուցարարները մինչ այդ սպառնում էին, որ եթե կառավարությունը զիջումների չգնա, նստացույց և գործադուլ կսկսեն: Այս խոսքերից հետո, սակայն, հեռացան Հանրապետության հրապարակից՝ նշելով, այդուհանդերձ, որ չեն դադարեցնելու իրենց պայքարը:
«Եթե փորձեր արվում ինչ-որ բան համոզել, բանակցել, խաբխբել, տալ բանավոր խոստումներ և թողնել օդի մեջ, այդ փորձերը ի սկզբանե դատապարտված են», - հեռանալուց առաջ հայտարարեց ցուցարարներից մեկը:
«Շրջանառության հարկի մասին» օրենքում վիճահարույց այս փոփոխությունը, որով պարտադիր է դառնում փաստաթղթաշրջանառությունը, նախատեսված էր ուժի մեջ մտցնել անցյալ տարվա հոկտեմբերից։ Սակայն առևտրով զբաղվողների բողոքների արդյունքում վարչապետը հետաձգել էր ժամկետը:
Նաև մարզերից Երևան եկած ցուցարարներին այսօր միացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը, դեռ մինչև ցուցարարների պատվիրակության ու վարչապետի հանդիպումը, խոստացավ առաջիկա երկուշաբթի արտահերթ կարգով այս հարցը մտցնել խորհրդարանի օրակարգ:
«Անպայման ես ինքս հանդես եմ գալու, դիմելու են հենց սկզբից վարման կարգի ձևով, որպեսզի Ազգային ժողովի նախագահի մոտ արտակարգ և արտահերթ խորհրդակցություն հրավիրվի, մենք հրավիրենք Ֆինանսների նախարարին, բոլոր պաշտոնյաներին, որոնք առնչվում են այս խնդրի հետ, և որոշում կայացվի այդտեղ, որպեսզի արտահերթ կարգով, անհետաձգելի կարգով անպայման այս հարցը իր լուծումը ստանա», - խոստացավ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ցուցարարները սա համարում են իրենց առաջին փոքր հաղթանակը: Նրանք պնդում են, որ այս փոփոխությունը կտանի ոչ թե տնտեսության զարգացմանը, ինչպես խոստանում են դրա հեղինակները, այլ կհանգեցնի գնաճի ու մենաշնորհացման:
«Այս օրենքը միտված է միայն և միայն փոքր և միջին ձեռնարկատիրական դաշտը փոշիացնելու և մոնոպոլիզացիայի տանելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց բողոքող ձեռներեցներից մեկը: