Ռուսաստանը չի բացառում Եվրոպայի խորհրդին իր անդամակցության դադարեցումը

Your browser doesn’t support HTML5

2015 թվականի ողջ ընթացքում ռուսաստանյան պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված չի լինի:

Դա ռուսական կողմի պատասխանն էր չորեքշաբթի ուշ երեկոյան ԵԽԽՎ-ի կողմից լիագումար նիստի ընթացքում կայացված որոշմանը, որի համաձայն ռուսաստանյան պատվիրակությունը մինչև ապրիլ զրկվում է քվեարկելու, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

«Մենք լքում ենք Խորհրդարանական վեհաժողովը մինչև այս տարեվերջ: Մենք շնորհավորում ենք Վեհաժողովին, իմ համոզմամբ, ոչ համարժեք այս որոշման առթիվ: Համոզված եմ, որ այսօր կայացված որոշումը համաեվրոպական խորհրդարանական երկխոսությանը հասցված լուրջ հարված է: Այս որոշումից հետո Խորհրդարանական վեհաժողովը հայտնվում է լուսանցքային վիճակում»,- հայտարարեց ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

Իր գործընկերոջ մոտեցումը այսօր վերահաստատեց Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակը հայտարարել է.- «Եթե ռուսաստանյան պատվիրակությունը զուրկ է լիազորություններից, ապա վերանում է ԵԽԽՎ-ում մեր աշխատանքի իմաստն իսկ: Ավելին՝ տարեվերջին արդեն կարող է ծագել Ռուսաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցելու նպատակահարմարության հարցը»։

2014-ի ապրիլին՝ Ղրիմում ծավալված իրադարձություններից հաշված շաբաթներ անց, ԵԽԽՎ-ն ռուսաստանյան պատվիրակությանն արդեն իսկ զրկել էր քվեարկության իրավունքից: Երեկվա նիստից առաջ Մոսկվայում լուրջ հույսեր կային, որ Վեհաժողովը կվերանայի այդ որոշումը: Քննարկումներին ռուսական կողմը բավական լրջորեն էր նախապատրաստվել: Ստրասբուրգ էր ժամանել ռուսաստանցի խորհրդարանականների մի մեծ պատվիրակություն, որի կազմում էին Պետդումայի նախագահ Նարիշկինը, ռուսաստանցի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը: Ռուսաստանցի պատգամավորներին, սակայն, այդպես էլ չհաջողվեց շահել ԵԽԽՎ պատվիրակների համակրանքը:

Ավելի քան երկու ժամ տևած քննարկումների շրջադարձային պահը դարձավ վրացական պատվիրակության առանցքային անդամներից մեկի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի կնոջ` Թինա Խիդաշելիի ելույթը, որից հետո տրամադրությունները նիստերի դահլիճում ակնհայտորեն փոխվեցին:

«Երեկ Վրաստանի և Ուկրաինայի հերթն էր: Այո, ես հասկանում եմ, որ այդ երկրները բավական հեռու են այն տան շեմից, որտեղ դուք եք բնակվում: Վաղը սակայն հերթը կարող է հասնել Լատվիային, Լիտվային կամ Էստոնիային, հաջորդ օրը՝ Լեհաստանին: Հասկացեք, մենք հեռու չենք այն օրից, երբ նոր երկաթե վարագույր կարող է ի հայտ գալ: Իմ լրջագույն խորհուրդն է ձեզ` կանաչ լույս մի վառեք Ռուսաստանի առջև մի նոր օկուպացիայի, մի նոր ռազմական հարձակման համար»,- հայտարարեց Խիդաշելին:

Ռուսաստանի իշխանությունները այսօր նաև զգուշացրել են, որ Եվրոպայի խորհրդից հեռանալը կարող է մի շարք իրավական հետևանքների ևս հանգեցնել: Ռուսաստանի արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովը Մոսկվայում լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է.- «Եթե Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդի կազմից, դա կնշանակի, որ մենք լքելու ենք նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»: