Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այսօր հանդես գալով ելույթներով՝ խորհրդարանական պատվիրակությունների գերակշիռ մասը դատապարտեց Ռուսաստանին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ:
Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության և Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն իրավիճակը բացատրեց՝ մեղադրելով ուկրաինական կառավարությանը:
«Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցողի պատճառն այն է, որ ուկրաինական կառավարությունն ուղարկում է զորքեր։ Սա ահաբեկչություն չէ, մարդիկ պայքարում են, որ իրենց հողը պաշտպանեն բանակից, որն ընդհարումներ է ապահովում լեգիտիմ պահանջներին ի պատասխան»,- հայտարարեց Պուշկովը և հավելեց.- «Ուկրաինայում չկա ռուսական միջամտություն»։
Ռուսաստանի պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին հարցրեց.- «Ինչպե՞ս են իրենց պահում ԵԽԽՎ անդամ երկրները: Ռուսաստանը չէ, որ անջատել է հոսանքը Ուկրաինայի արևելքում, մենք չենք Ղրիմում արգելել մարդկանց թոշակները տալ, մենք չենք բանկերի գործունեությունը կասեցրել, Ռուսաստանի Դաշնությունը չի իրականացրել հարձակումներ»: Նա եվրոպական և արևմտյան կազմակերպությունների պնդումները ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին որակեց իբրև «ստերի փաթեթ»:
Ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Սերգեյ Սոբոլևն իր ելույթը սկսեց հարցով.- «Ինչո՞ւ են հազարավոր մարդիկ սպանվել Ուկրաինայում: Ինչո՞ւ են հազարավոր մարդիկ վիրավոր, ինչո՞ւ են միլիոնավոր մարդիկ տեղահանվել: Պատասխանը մեկն է՝ Ռուսաստանը զավթել է: Ո՞վ է թույլ տվել զավթել Ղրիմն ու Դոնբասը... Ռուսաստանի խորհրդարանի անդամները, ովքեր հիմա այս դահլիճում են»:
Ուկրաինացի պատվիրակը հավելեց՝ 4.5 միլիոն մարդ արևելյան Դոնբասից հիմա Ուկրաինայում է կամ աշխարհի տարբեր անկյուններում:
«Պետք է լուծել այս հարցը որքան հնարավոր է՝ շուտ, հանել ռուսական զորքերն ուկրաինական տարածքից»,- ասաց Սոբոլևը։
Լիտվայի ներկայացուցիչ Բիրութ Վեսաիթեն զարմանք արտահայտեց՝ ռուս պատվիրակների ելույթները լսելով.- «Ես հիշեցի սառը պատերազմի ժամանակները՝ լսելով ռուսական քարոզչությունը»։ Ափսոսանք հայտնելով Ուկրաինայում մահվան հազարավոր դեպքերի, երեխաներին ու ծերերին անմարդկային պայմանների մեջ դնելու իրավիճակի կապակցությամբ՝ Լիտվայի պատվիրակության ներկայացուցիչը կոչ արեց՝ «դադարեցնել այս խելագարությունը, դադարեցնել պատերազմը»:
Միացյալ թագավորությունից Լորդ Բալֆը համաձայնեց ավելի վաղ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի արտահայտած դիտարկմանը՝ երկխոսության և հանդուրժողականության անհրաժեշտության մասին:
Վրաստանի պատվիրակությունից Թինաթին Խիդաշելին պահանջեց.- «Եվրոպան և ժողովրդավարական բոլոր կազմակերպությունները պետք է անեն ամեն ինչ՝ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի կասեցման համար։ Նրանք դա արել են իմ հարազատ երկրում, պատերազմը սկսվեց Ռուսաստանի նվաճողական նպատակների պատճառով, հազարավոր մարդիկ մահացան, միլիոնավոր մարդիկ կորցրին իրենց տները»։
«Դեռ քանի՞ մարդ պիտի մահանա, քանիսը՞ պետք է կորցնեն իրենց տները, որքա՞ն պիտի շարունակվեն էթնիկ զտումները, զավթած տարածքներ»,- հարցրեց վրացի պատվիրակը և վկայակոչեց.- «Մենք հիմա ունենք Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Լեռնային Ղարաբաղի սառած հակամարտություն: Մենք Ռուսաստանի հարձակման նոր օրինակի կարիքն ունե՞նք՝ կիսատ տոնայնությանը, կիսատ նախադասություններին վերջ դնելու համար»:
Վրացի պատվիրակի խոսքով՝ Ռուսաստանին պետք է հասկացնել, որ դադարեցնի ահաբեկչությունը.- «Միավորված, բոլորս միասին՝ պետք է գործենք ընդդեմ բռնազավթման, ահաբեկչության և միաձայն ասենք՝ վերջ տուր Ռուսաստան, վերջ սպանություններին»: