ՓՄՁ ներկայացուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են

ՓՄՁ ներկայացուցիչները Կառավարության շենքի առջև, Երևան, 29-ը հունվարի, 2015թ․

Փոքր և միջին բիզնեսի հարյուրավոր ներկայացուցիչներ, տոնավաճառների աշխատակիցներ այսօր կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ, կրկին նույն պահանջով՝ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը։

Գրեթե երկու ժամ է անցել ցույցի մեկնարկից, սակայն Կառավարությունից ոչ ոք դուրս չի եկել ցուցարարների հետ հանդիպման։ Նրանք մինչև ժամը 13։30-ը ժամանակ տվեցին Կառավարությանը։ Իրենց պահանջի պատասխանը չստանալու դեպքում նրանք կգնան նախագահի նստավայր։

Ցուցարարներին միացել են գործարարներ նաև մարզերից՝ Գյումրիից, Գավառից, Էջմիածնից, Արմավիրի մարզից։

Ցուցարարներն ասում են, որ եթե այսօր պատասխան չստանան, մինչև փետրվար ամեն օր նույն պահանջով կլինեն Կառավարության շենքի մոտ։ Ոմանք խոստանում են օրենքի կիրարկման դեպքում հացադուլ, նստացույց սկսել, ոմանք էլ ասում են, որ կհանձնեն իրենց ԱՁ-ները և կհեռանան Հայաստանից։

Հիշեցնենք՝ առևտրականների և փոքր ու միջին գործարարների բողոքի ցույցերից հետո Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը անցած տարվա հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչև 2015-ի փետրվարի 1-ը: Օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մինչև 58.3 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3․5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն միայն 1 տոկոս, սակայն պարտավոր են ներկայացնել ապրանքի փաստաթղթերը, հակառակ դեպքում կարող են զգուշացվել և տուգանվել:

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ ավելի ուշ:

Նարինե Ղալեչյան