Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքը հարուցած շրջանառության մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հիշյալ օրենքով նախատեսված գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից երկարաձգել մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
Կառավարությունը նաև անհետաձգելի ճանաչեց օրինագիծը՝ խորհրդարանում դրա հնարավորինս արագ քննարկման համար:
Համաձայն շաբաթասկզբին Կառավարության տարածած հաղորդագրության՝ փոքր և միջին ձեռնարկությունների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը տասնօրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Նույն հաղորդագրությունում ասված էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նաև հանձնարարել է քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
Սարգիս Հարությունյան