Այսօր մարդաշատ է Եռաբլուր պանթեոնը

Your browser doesn’t support HTML5

Հայոց բանակը 23 տարեկան է

Հայոց բանակի ստեղծման 23-րդ տարեդարձի օրվա կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այսօր այցելել էին նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարները, բարձրաստիճան հոգևորականներ ու պաշտոնյաներ:

Հայոց բանակի ստեղծման 23-րդ տարեդարձի օրվա կապակցությամբ Եռաբլուր պանթեոն այսօր այցելել էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, կրկին հայտարարեց, որ Ադրբեջանն իր պահվածքով փորձում է ազդել առաջին հերթին միջազգային կառույցների վրա, որպեսզի Հայաստանն ավելի մեծ զիջումների գնա ղարաբաղյան կարգավորման բանակցություններում:

«Այս օրերին սահմանում իրադրությունը վերահսկելի է: Կրակոցների քանակն է շատ: Մնացածը ամբողջությամբ մենք վերահսկում ենք, մեր զինծառայողները իրենց տեղում են, օրըստօրե կատարելագործվում է հատկապես դիտարկման համակարգը», - հավելեց նախարարը:

«Հակառակորդը կարող է ամեն օր ակտիվանալ, բայց դա ոչինչ չի նշանակում», - ասաց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմի սադրանքներն ընդամենը ոտնձգություններ են․ - «Մենք պատասխան չենք տալիս, մենք անում ենք այն, ինչ որ պլանավորել ենք: Մեր ցանկացած զինվոր իրավունք ունի իր իրավասության սահմաններում ազատ գործելու իր հայրենիքի պաշտպանության գործում»:

Սահմանային լարվածության վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ԵԿՄ նախագահ, իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը (ՀՀԿ)․ - «Հազար անգամ ավելի արտառոց վիճակներ ա էղել, անցել ա: Մեր բախտը մեր հետ ա: Ինձ թվում ա, բաներ են արել, պատասխանները ստացել, լռել են: Նորից կանեն՝ նորից կստանան»:

Լրագրողները փորձեցին իմանալ, թե Ադրբեջանի ավելի ագրեսիվ դարձած կեցվածքն ինչով է պայմանավորում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն երկրի Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը խորհուրդ տվեց հարցերն ուղղել Պաշտպանության նախարարին:

Ավելի ուշ նախագահի նստավայրում Բանակի օրվան նվիրված հանդիսավոր պարգևատրության ժամանակ, Սերժ Սարգսյանը հանդես է եկել ուղերձով՝ հայտարարելով, որ «այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում տանուլ են տվել»․ - «Արդյո՞ք որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները։ Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ»։