Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Մեր երկրի և ժողովրդի համար բանակն ավելին է, քան պարզապես պետական կառույցը, այսօր Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահի ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայոց բանակը բառացիորեն ամեն օր և ամեն գիշեր պաշտպանում է մեր կյանքը՝ շատ հաճախ մարտի բռնվելով մեր հայրենիքի հանդեպ ոտնձգություններ կատարող ելուզակների դեմ: Այսօր մեր վզին փորձում են փաթաթել նոր տիպի պատերազմ, որովհետև բոլոր նախորդ տիպերի պատերազմներում նրանք տանուլ են տվել: Այսպես կոչված «դիվերսիաների պատերազմը» նույնպես տանուլ են տալու: Դրա անհեռանկարայնությունն արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր մեզ անվանում են «թշնամի»»:

Նախագահի խոսքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարում հայերին, ոմանք «որոշել են վախեցնել մարդասպանությամբ՝ հայասպանությամբ, 100 տարի առաջ կատարվածը պետականորեն մշակված և հաջող իրականացված ցեղասպանություն էր, որը կարող էր իրականացվել միայն հայկական պետականության բացակայության պայմաններում»:

«Այսօր՝ այս տոնական օրը, դժվար հասկացողների համար ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. հայ ժողովուրդը վերադարձել է կյանք, վերադարձել է ժողովուրդների միջազգային ընտանիք իր պետականությամբ և բանակով: Նա վերադարձել է դժոխքից: Դժոխքը վերապրածներին ահաբեկելու փորձերը լուրջ չեն: Նման փորձերը ուշացած են առնվազն 100 տարով», - ասել է նախագահը՝ հավելելով. - «Հարց է ծագում. ի՞նչ կապ ունեն 100 տարի առաջ կատարված դեպքերը մեր այսօրվա բանակի հետ: Արդյո՞ք, որևէ մեկի հիվանդ ուղեղում կա Հայաստանը վերացնելու ծրագիր: Պատասխանում եմ. այդ ծրագրերը ոչ միայն ոմանց ուղեղներում են, այլև հարևան երկրի բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերին: Դրանք հնչում են բոլոր հնարավոր բարձրախոսներից: Ըստ նրանց՝ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի ողջ տարածքը «պատմական ադրբեջանական» հողեր են, և այդ հողերը ենթակա են այսպես ասած` «ազատագրման»: Մենք շատ լավ գիտակցում ենք նման «ծրագրային» հռետորաբանության թիրախները: Իսկ ի՞նչ ենք ասում մենք: Ասում ենք՝ Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Վերջակետ»:

«Մեր բանակը ձևավորման օրվանից, երբ դեռևս պաշտոնական անվանում էլ չուներ, թրծվել է պատերազմի կրակների մեջ: Նա ծնվել է որպես մեր ժողովրդի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա: Նման հզոր բանակ մենք վաղուց չենք ունեցել: Շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Մեր զինվորականներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, իսկ մեզ բոլորիս՝ խաղաղություն», - ասված է նախագահի ուղերձում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG