Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆրանսիայում «Շառլի Էբդո» պարբերականի դեմ հարձակման համատեքստում անդրադարձել է նաև Թուրքիայում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն ու դատապարտել նմանօրինակ ոճրագործությունները։
«Մենք բոլորս ցնցված էինք «Շառլի Էբդո» ամսագրի դեմ իրականացված սարսափազդու հարձակումից, որ իրականացվեց Փարիզում: Սա ժողովրդավարության հիմնաքար հանդիսացող խոսքի ազատության դեմ ուղղակի բռնարարք էր: Այսօրինակ բարբարոսական ոճրագործությունները անընդունելի են, և մենք այն խստագույնս դատապարտում ենք: Ութ տարի առաջ՝ հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի մոտակայքում սպանվեց հայտնի թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը», - պատգամավորի գրասենյակի փոխանցմամբ, ասել է Կարապետյանը՝ շեշտելով․ - «Հրանտ Դինքը սպանվեց իր հայացքների և Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ասելու համարձակ քայլերի համար: Այս իրադարձությունների ամբողջ շղթան շատ լավ համընկնում է Թուրքիայի` ժխտողականության ավանդական քաղաքականության հետ»։
Որպես այդ քաղաքականության մի այլ օրինակ հայ խորհրդարանականը մատնանշել է «Էրդողանի կառավարության ամոթալի փորձը՝ ստվեր գցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա»․ Թուրքիան առաջին անգամ հենց ապրիլի 24-ին պատրաստվում է նշել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին էր հրավիրել մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին։
«Ի՞նչ նպատակ է այն հետապնդում, եթե ոչ պարզ ու ստոր մի ցանկություն՝ շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներից: Մինչդեռ Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ունի սեփական ժողովրդի և համայն մարդկության առաջ, այն է՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Հարյուր տարի տևող ժխտողականությունը բերում է ռադիկալիզմի և կրոնական ծայրահեղականության, ռասիզմի և այլատյացության», - հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը։