Նախարարությունը հեպատիտ C-ի վարակման դեպքի մասին. Ամեն օր չենք կարող ստուգում իրականացնել

Your browser doesn’t support HTML5

Առողջապահության նախարարությունը պարտավոր չէ ամեն օր բժշկական հաստատություններում ստուգումներ իրականացնել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց փոխնախարար Վահան Պողոսյանը՝ անդրադառնալով «Քաջարանի բժշկական կենտրոնում» մի քանի քաղաքացիների՝ հեպատիտ C-ով վարակվելու դեպքին։

Քաջարանում` ներհիվանդանոցային միջավայրում ութ մարդ հիվանդացել է հեպատիտ C-ով, մեկն էլ վարակակիր է։

«Այն միտքը, որ մենք պետք է, ողջ անձնակազմին կասկածենք, այնքան էլ էդպես չէ։ Ճիշտ հասկացեք, մենք չենք կարող ամեն օր գնալ ասել՝ դու ճիշտ աշխատի», - ասաց փոխնախարարը։

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը, ով ևս ներկա էր մամլո ասուլիսին, հավելեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնում վերջին ստուգումը նախորդ տարվա հոկտեմբերին է իրականացվել։ Ըստ նրա, բժշկական կենտրոնները հենց իրենք պետք է նման վերահսկողություն իրականացնեն, իսկ նախարարությունը կարող է օգնել ծրագրային դրույթներով։

«Առողջապահության նախարարությունը տալիս է քաղաքականություն»,- նշեց Վանյանը։

Գործի առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Նախնական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել ստերիլիզացման կանոնները խախտելու հետևանքով, վարակազերծված չի եղել մի քանի բժշկական գործիք։

Սա Քաջարանի հիվանդանոցում առաջին նման դեպքը չէ։ Երկու տարի առաջ ևս նույն կենտրոնում հակասանիտարական իրավիճակ էր արձանագրվել: 2013-ին բացվեց Քաջարանի բժշկական կենտրոնի նոր՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած մասնաշենքը։ Խնդիրը, սակայն, դրանով չլուծվեց։

«Այդ հիվանդանոցը այնպես է կառուցված, որ ընդամենը պետք էր այս նորմատիվ ակտերը ռեալ իրականացնել»,- նկատեց փոխնախարար Վահան Պողոսյանը։

Քննչական նպատակներով Քաջարանի Բժշկական կենտրոնի վիրահատարանն այժմ չի գործում։ Կենտրոնն ընդհանուր առմամբ աշխատում է, սակայն, առանց տնօրենի վերահսկողության։ Տնօրեն Վարդան Ավագյանը աշխատանքի չի ներկայանում և հեռախոսազանգերին չի պատասխանում։

Հարցին, թե որտե՞ղ է գլխավոր պատասխանատուն, Առողջապահության նախարարությունից պատասխանեցին՝ նա վատառողջ է։

Հեպատիտ C-ով վարակվածներն այժմ բուժում են ստանում Քաջարանում, Երևանում և Կապանում։ Բժիշկները ջանք են գործադրում, որ հիվանդների սուր վիճակը չփոխվի քրոնիկականի։ Այս դեպքում յուրաքանչյուր հիվանդի բուժման համար տարեկան 5 հազարից 20 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար կպահանջվի։

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը հայտնեց, որ հովանավոր արդեն կա։ Սակայն կազմակերպության անունը չի նշվում։

Հայաստանում հեպատիտ C-ով վարակվածները կազմում են բնակչության 4 տոկոսը։

Համավարակներով զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար Անահիտ Հարությունյանը նշում է, որ եթե Քաջարանի դեպքը հայտնի է դարձել, ապա կան հիվանդներ, ովքեր շատ ուշ են իմանում, որ հիվանդանոցում այդ հիվանդությունն են ձեռք բերել։ Ըստ նրա՝ մոնիտորինգ միայն առանձին վայրերում է անցկացվել և չկա հեպատիտ C-ի բուժման ազգային ծրագիր։

«Մենք նման ծրագրեր ունենք տուբերկուլյոզի, ՄԻԱՎ-ի համար, և կարծում եմ՝ եթե հեպատիտ C-ի համար էլ ունենայինք, շատ լավ կլիներ։ Սա նախարարությունը ուղղված մեր առաջարկներից մեկն է»,- ասաց Հարությունյանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք նախարարության արձագանքը չի ուշացե՞լ, եթե դեպքը հայտնաբերվել է դեկտեմբերին, փոխնախարար Վահան Պողոսյանը պատասխանեց, որ ի սկզբանե հարցով զբաղվել են նախարարության տարածքային մարմինները։