Այս օրերին Երևանում «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում տեղադրվում են վերելակներ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հիշեցնում է, որ դեռևս անցած տարի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևորափոխադրում իրականացնող 10 ավտոբուս: Նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվել են Երևան:
Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակները փորձարկվում են նաև շահառուների մասնակցությամբ:
Նշվում է նաև, որ համապատասխան կահավորումով ավտոբուսների՝ երթուղիներում շահագործման հարցում նախընտրությունը կտրվի Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքը: