Կոստանյան. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ կատարած Պերմյակովին հանձնել Հայաստանին

Your browser doesn’t support HTML5

Հայաստանի գլխավոր դատախազը իր ռուս գործընկերոջը դեռ չի դիմել։

Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ կատարած անձին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Կոստանյանը նաև ասաց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին նաև Վալերի Պերմյակովի կողմից պետական սահմանը հատելու փորձի և նրան բերման ենթարկելու մասին տեղեկացնել Հայաստանի իշխանություններին։

Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ հայտնե՞լ են, թե՝ ոչ, Կոստանյանը ասաց.- «Այդ ամբողջը քրեական գործի նյութ է։ Այդ ամբողջ ինֆորմացիան քրեական գործում է, սա է խնդիրը։ Վստահ եմ, որ դուք այդ հարցերի պատասխանները կունենաք, բայց դա դեռևս քրեական գործում է՝ հայտնել էր, թե չէր հայտնել։ Դա նյութ է, ֆորմալ դատավարական ընթացակարգ է, քրեադատավարական փաստաթուղթ է, որ հիմա գործում է»։

«Սահմանախախտին պետք է հանձնել Հայաստանի Հանրապետությանը, իհարկե։ Ով չի հանձնել, հանձնել է, թե չի հանձնել, պարտավոր էր, թե չէ... այդ ամեն ինչը քրեական գործում է, այդ թվում պատասխանատվության ենթակա լինելու հանգամանքները քննարկվելու են»,- հայտարարեց գլխավոր դատախազը։

Քրեական գործ, այնուամենայնիվ, Հայաստանի պետական սահմանը հատելու, իրավախախտին հայկական կողմին չփոխանցելու փաստով հարուցված չէ:

Հայ իրավապահների գործողությունները պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անգործություն որակեց, հայտարարեց, թե հաղորդում է տալիս հանցագործության մասին:

«Պարզ է, որ այս պահի դրությամբ ՀՀ-ում տեղի են ունեցել այլ հանցագործություններ ևս, որտեղ խառնված են Ռուսաստանի սահմանապահ զորքերի ներկայացուցիչները»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հանցագործության մասին հաղորդմանը միացավ նաև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ հայտարարելով, թե անկախ Հայաստանի պատմության նման դեպք մեջ չի եղել.- «Երբևէ 23-ամյա պատմության մեջ դեպք չի եղել, որ սահմանախախտին հանձնեն որևէ դեսպանատուն, որևէ այլ երկրի ներկայացուցչություն»։

Թե ինչու քրեական գործ չի հարուցվել, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, թե հիմա փաստերն են ստուգում, երբ դրանք կստուգվեն, աշխատանքները կավարտվեն, մեղադրանքն այդ ժամանակ կարող է լրացվել և փոփոխվել։ Գլխավոր դատախազը կրկին, ինչպես իր նախորդ ասուլիսում, հորդորեց սպասել գործի ընթացքի համապատասխան փուլին:

Լսումների ընթացքում պարզ դարձավ, որ Կոստանյանը իր գործընկերոջը՝ Ռուսաստանի գլխավոր դատախազին չի դիմել, ինչպես խոստացել էր Գյումրիում՝ ցուցարարների հետ զրույցի ընթացքում։ Կոստանյանն ասաց՝ դեռ հիմքեր են հավաքում:

Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) հարցրեց.- «Երբ բազմահազար գյումրեցիների առջև հայտարարեցիք, որ անհապաղ կդիմեք Ռուսաստանի գլխավոր դատախազին, դա զգացմունքային հայտարարությո՞ւն էր»։

«Ոչ միայն տղամարդկային, այլևս ես՝ որպես գլխավոր դատախազ, պարտականություն ունեմ նման դիմումով հանդես գալ Ռուսաստանի գլխավոր դատախազին առաջ։ Իհարկե, պարտավոր եմ, և ես այդ պարտավորությունը կատարելու եմ»,- պատասխանեց Կոստանյանը։

Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ի վերջո ռուսական ռազմաբազայում պահվող Պերմյակովը Հայաստանի, թե՞ Ռուսաստանի տարածքում է գտնվում։

«Զորամասի տարածքը ՌԴ տարածք չէ, բայց այդտեղ գործում է Ռուսաստանի իրավազորությունը»,- պարզաբանեց Կոստանյանը։

Գլխավոր դատախազը նաև հայտնեց՝ սահմանապահ ծառայությունը իրականացվում է առանձին ռեժիմով, ռազմաբազայի հետ որևէ առնչություն չունի, Իսկ թե ինչու են Պերմյակովին ռազմաբազա տեղափոխել, իրավունք ունեին, թե՝ չունեին, նախաքննության ընթացքում կպարզվի:

Հանրապետական Սուքիաս Ավետիսյանը բարձրացրեց ռուսական ռազմաբազայի ղեկավարության պատասխանատվության հարցը: Մինչ օրս որևէ մեկին չեն պատժել իրավիճակի համար, գյումրեցիներն էլ ոչ թե խոսքեր, այլ գործ են ակնկալում, ասաց նա։

«Այսօր Գյումրիում հանգիստ վիճակ է, բայց այդ հանգստությունն էլ ներքին լարվածություն է պարունակում իր մեջ, որը ցանկացած ժամանակ կարող է լուրջ հետևանքների առիթ տալ։ Ցավոք, ռուսները դրան գնում են։ Մինչ օրս Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը որևիցե մեկին չի պատժել և հրապարակավ չի ասել՝ էս հրամանատարին կամ էս ստորաբաժանման ղեկավարին ազատել են աշխատանքից»,- նշեց Ավետիսյանը։

Ռուբիկ Հակոբյանն («Ժառանգություն») ասաց՝ գլխավոր դատախազին հարց չի տալու, բայց խորհուրդ ունի՝ փակ ռեժիմով լսումներ անցկացնել։

«Շատ ծանր իրավիճակում է հայտնվել, պետությունը, ժողովուրդը, դուք ձեր պահվածքով առայժմ սադրում ենք որոշակի վիճակներ, անդամ սուգ չհայտարարվեց»,- ասաց Հակոբյանը.- «Իշխանությունը չկարողացավ ցավակցել ժողովրդին, սուգ հայտարարեր, երբ այդ սուգը մտել էր բոլորիս բնակարանները։ Մենք ուզում ենք ճշտել՝ ինչո՞ւ դա եղավ։ Մենք ուզում ենք ճշտել՝ այս պետությունը, որ ռուսական մամուլը ասում է՝ հայկական իշխանություններ պահվածքի պատճառով ռուսները սապոգները մաքրում են Հայաստանի վրա, տեսնենք ինչո՞ւ է դա դարձել նորմալ, որ մեզ էդպես են դիտում»։