Այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումները՝ նվիրված Գյումրիի ողբերգական դեպքերին առնչվող իրավական գործընթացներին, հետաձգվել են։
Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտել է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Գյումրիի ողբերգությունից հետո այդպես էլ պաշտոնապես սուգ չհայտարարեցին։
Լսումների ընթացքում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է պատասխաներ օրենսդիրների հարցերին։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք, ինչպես և ամբողջ ժողովուրդը, սգում են, սակայն հրատապ է նաև առկա հարցերի պատասխանները ստանալը։
«Մենք բոլորս ենք ցավում, բոլորս պետք է մասնակցենք սգո արարողությանը, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք հասկանում ենք, որ հանցագործությանը պատշաճ գնահատական չի տրվում, հետևաբար՝ քննարկումների և պետական ատյանների կողմից որոշումների կայացումը բացարձակ անհրաժեշտություն է։ Առաջին հերթին մենք իրավազորությունը մեր պետք է տարածենք և պահանջ ներկայացնենք թե՛ պարոն Պուտինին, թե՛ նաև Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի անմիջապես վերացնեն խախտումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։
Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կնքած երկու պայմանագիր է խախտել, պահանջն էլ, հետևաբար, այդ խախտումները վերացնելն ու Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելն է։
Հարցին, թե առաջին հերթին գլխավոր դատախազը ո՞ր հրատապ հարցին պետք է պատասխաներ, Փոստանջյանը արձագանքեց. - «Ի վերջո, պետք է իրեն հարցնեինք և պարզեինք՝ արդյո՞ք նա այսօր պատրաստվում է պաշտոնական պահանջ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, մասնավորապես՝ գլխավոր դատախազին, խախտված մեր իրավունքների վերաբերյալ, այսինքն՝ այդ մեղադրյալի փոխանցումը տեղի ունենալո՞ւ է, թե՞՝ ոչ»։
«Այստեղ այն պահանջը չէ, որ այդ մեղադրյալը գտնվում է իրենց իրավազորության ներքո և մենք պահանջում ենք, որպեսզի նրան հանձնեն մեզ, մենք դա՛ չենք պահանջում՝ մենք պահանջում ենք փոխանցում, իրե՛նց խնդիրն է մեզանից պահանջել հանձնումը, մինչդեռ նրանք առևանգել են, փաստորեն, այդ մեղադրյալին և այս պահին նրա նկատմամբ անցկացնում են քննություն և մեզ զրկել են մեր սուվերենությունից և իրավազորությունից՝ կատարել մեր պարտականությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: