Մատչելիության հղումներ

Վաղը նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա


Խորհրդարանը կքննի Գյումրու ողբերգական դեպքերին առնչվող իրավական գործընթացները
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00

Հանձնաժողովը հաշվի է առել Գյումրիում ոճրագործության զոհ դարձած փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան փաստը և հետաձգել է նիստը։

Վաղը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված
խորհրդարանական լսումները չեն կայանա։

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանձնաժողովը «քննարկել է ստեղծված իրավիճակն ու նաև հաշվի առել Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքն ու հետաձգել հունվարի 20-ին նախատեսված
խորհրդարանական լսումները»:

Մինչ հաղորդագրությունը, պատգամավորներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ հանձնաժողովում քննարկելու են Գյումրիում տեղի ունեցած սպանդը, քանի որ բազմաթիվ հարցեր ունեն կուտակված։

«Առաջինը՝ այն իրավապայմանագրային բազան, որի ներքո Ռուսաստանի զինված ուժերը և ռազմաբազան գործում է, և դրանց շրջանակներում նաև Հայաստանի անվտանգության խնդիրն են։ Երկրորդ՝ փաստացի ստեղծված վիճակը և դրանից դասերը, երրորդ՝ կոնկրետ հանցագործության հետ կապված ամբողջական, լիարժեք և օբեկտիվ քննությանը խոչընդոտող հանգամանքերը՝ այդ թվում նաև այն, որ գործիքակազմը, որ պետք է օգտագործվի և կիրառվի՝ խոսքը գնում է, ոչ միայն հայաստանյան կողմից լիարժեք մասնակցության ապահովման, այլ նաև, ընդհանրապես, հանցագործությունների բացահայտման մոտիվացիայի՝ պատճառահետևանքային կապերի լիարժեք ներկայացման և դրա դեմ պայքարի մասին, որից հետո նաև պետք է հետևի արդար դատավճիռը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, պետք է օրակարգ բերել ռուսական կողմի պատասխանատվության հարցը: Նրա համոզմամբ, ռուս սահմանապահները, արգելանքի տակ վերցնելով հայ-թուրքական սահմանը անցնելու փորձ կատարող Պերմյակովին, պետք է նրան հանձնեին Հայաստանին։

«Հստակ է, որ ռուս սահմանապահները, երբ վերցրել են արգելանքի տակ տվյալ անձին, պարտավոր էին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, և նույնիսկ ռազմաբազայի ներկայացուցիչներն իրավունք չունեին գային իրեն այդտեղից տանեին ռազմաբազա։ Կարող է Պերմյակովի հետ լինեին մի քանի այլ անձինք, ի՞նչ է, պետք է նա բոլորին փոխանցի ռազմաբազա։ Այդպես չէ։ Մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, եթե պետությունը չի մասնակցում, ի դեմս իր լիազոր մարմինների, այստեղ պետք է բոլոր ճյուղերը օգտագործվեն մեր՝ և՛ դատարանները, և՛ քաղաքական մարմինը պետք է իր գնահատականը տա այս ամենին, և՛ նաև գործադիր իշխանությունն իր բոլոր լծակները պետք է օգտագործի։ Անթույլատրելի անգործություն, հանցավոր անգործություն, որովհետև մենք չենք կարող ասել՝ սա ինչ շարունակություն կարող է ունենալ», - ասաց Փստանջյանը։

«Ժառանգություն»-ը, Գյումրիի ողբերգությանը քաղաքական հայտարարությամբ առաջինը արձագանքելով, իշխանությունների առջև դրել է նաև սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու պահանջ:

«Ժառանգություն»-ից բացի, ընդդիմադիր մյուս ուժերը իրենց հայտարարություններում նման ուղիղ հարց չեն դնում: Հայ ազգային կոնգրեսից այսօր փոխանցեցին, որ հետևում են իրավիճակին, զարգացումներին, երկու հայտարարություն արդեն արել են, եթե անհրաժեշտություն լինի, նոր հայտարարություն ևս կանեն:

Կոնգրեսն ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել է, որ կիսում է քաղաքացիների վրդովմունքը, հատկապես «Հայաստանի իրավապահ մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների կապակցությամբ», և պահանջում է, որպեսզի «Հայաստանի իշխանությունը գոնե այսպիսի անփութությունից և անպատասխանատու վերաբերմունքից հետո, համագործակցելով Ռուսաստանի պատկան մարմինների հետ, մինչև վերջ բացահայտի ոճրագործությունը՝ արժանի պատժի ենթարկելով բոլոր մեղավորներին»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, վկայակոչելով կուսակցության արդեն տարածած հայտարարությունը, ասաց, որ ԲՀԿ քաղխորհուրդը ակնկալում է, որ «Ռուսաստանի քաղաքական և ռազմական իշխանությունները չեն խոչընդոտի օրենքների շրջանակներում գործի քննությանը, հանցագործի արդարացի պատժի իրականացմանը, չեն խոչընդոտի անաչառ տեղեկատվության տարածմանը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մթնոլորտը հանդարտեցնելու համար»։

Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, Դաշնակցության գերագույն մարմինը հայտարարություն չի տարածել, սակայն Դաշնակցության ներկայացուցիչները դատապարտել են ողբերգությունը և լիարժեք բացահայտման պահանջ դրել:

Հարցին, թե արդյո՞ք Պերմյակովին Հայաստանին հանձնելու կամ փոխանցելու պահանջ Դաշնակցությունը դնում է, Մինասյանը պատասխանեց. - «Իրավական խնդիրը չպետք է քաղաքականի հետ շփոթել։ Ակնհայտ է, որ Պերմյակովին դատապարտելու և գործի քննությունը ամբողջական լիարժեք իրականացնելու համար հայաստանյան կողմը լիարժեք պետք է մասնակցություն ունենա։ Եթե դա փոխանցման շրջանակներում պետք է կատարվի, ապա, այո՛, պետք է փոխանցվի Հայաստանի իրավազորությանը, եթե դա իրականացվի նաև համատեղ քննության և դատապարտման մեխանիզմների միջոցով, ապա թեկուզ նաև այդ մեխանիզմը կիրառվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG