«Ինձ երկու անգամ էլ բերման են ենթարկել ապօրինի, անհիմն կերպով՝ բռնություններ իրականացնելով ինչպես իմ, այնպես էլ մնացած բերման ենթարկվածների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը՝ խոսելով Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունների մասին:
«Ոստիկանությունը այդ օրը գործում էր՝ խախտելով օրենսդրությունը, ամեն կերպ փորձելով նվաստացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, խախտելով նրանց իրավունքները», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիներին որևէ հիմնավորում չի ներկայացվել:
«Միանգամից հիմնականում ոլորում էին մարդկանց ձեռքերը, նրանց բռնի կերպով նստեցնում էին ոստիկանական ավտոմեքենաները և տանում էին բաժիններ», - պատմեց Արգիշտի Կիվիրյանը:
Նա փոխանցեց, որ երբ իրեն առաջին անգամ բերման ենթարկեցին Ռուսաստանի դեսպանատան մոտից, իր նկատմամբ վարչական վարույթ հարուցվեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջները չկատարելու հոդվածով: Իրավապաշտպանի խոսքով, սակայն, իրեն որևէ օրինական պահանջ չի ներկայացվել:
«Իսկ երեկոյան երբ ինձ բերման ենթարկեցին Ազատության հրապարակից, տարել են Քանաքեռի ոստիկանության բաժին, մոտ մեկ ժամ պահել ոստիկանական մեքենայի մեջ և բաց թողել: Այսինքն՝ ոստիկանության այն բոլոր հայտարարությունները, թե իբր Ազատության հրապարակում փնտրել են զենք, լիովին անհիմն են», - ասաց Արգիշտի Կիվիրյանը՝ հավելելով, որ ոստիկանների նպատակը պարզապես բողոքի ակցիայի իրականացմանը ամեն ձևով խոչընդոտելն էր:
Նշենք, որ ոստիկանությունը այսօր տարածած հայտարարության մեջ նշել է, թե երեկոյան Երևանում բերման ենթարկվածներից երկուսի մոտ զենք է հայտնաբերել: