Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Երևանում բերման ենթարկվածներից երկուսի մոտ ատրճանակ է հայտնաբերվել


Հայաստանի ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ երեկ երեկոյան Երևանում բերման ենթարկվածներից երկուսի մոտ զենք է հայտնաբերել:

«Երեկ ժամը 22-ի սահմաններում Երևանի Ազատության հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել մի շարք քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, այնտեղ ինքնաբուխ հավաքվել էին Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու նպատակով: Հավաքի՝ բերման ենթարկված մասնակիցներից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ», - ասված է հայտարարությունում:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ «հավատարիմ ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի նորմերով և Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով ամրագրված արժեքներին և կանոններին, մշտապես երաշխավորել և երաշխավորում է խաղաղ հավաքների բնականոն ընթացքը և մշտապես հանդուրժողական մոտեցում է դրսևորում, քանի դեռ հավաքները կրել են խաղաղ բնույթ»:

Միաժամանակ, Ոստիկանությունը հայտարարում է, որ «հանրային միջոցառումը, որին մասնակցում են զինված անձինք, ինչով էլ դա պատճառաբանված լինի, և անկախ զենք կրելու օրինականությունից, չունի Սահմանադրության և օրենքի պաշտպանությունը և չի կարող հանդուրժվել, հաշվի առնելով դրա հնարավոր ծանրագույն հետևանքները», և նախազգուշացնում է, որ «հավաքներին զինված մարդկանց մասնակցությունը պահանջում է օրենքով ամրագրված կտրուկ միջոցների անհապաղ կիրառում, որպեսզի հավաքի խաղաղ մասնակիցները և հասարակությունը չկրեն անդառնալի և ծանր վնասներ»:

Ոստիկանությունը հարկ է համարում նշել, որ «Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով կարող է դադարեցնել հավաքն այն դեպքերում, երբ առաջացել է այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման անմիջական վտանգ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG