Բժիշկներին հաջողվել է կարգավորել վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մի շարք օրգանների աշխատանքը

Your browser doesn’t support HTML5

Սակայն, երեխայի ուղեղի սնուցումը դեռ չի վերականգնվել։

Բժիշկները շարունակում են պայքարել երեկ կեսօրին Գյումրիից Երևան տեղափոխված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքի համար:

«Թեև հաջողվել է կարգավորել երեխայի մի շարք օրգանների աշխատանքը, սակայն ուղեղի սնուցումը դեռ վերականգնված չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

«Երկար ժամանակ տարած այդ հեմոռագիկ շոկի, տրավմատիկ շոկի և նաև սառելու արդյունքում, երեխայի մոտ ուղեղի բավականին լուրջ խանգարումներ են ձևավորվել, որի դեմ գնում է պայքար։ Առավոտյան կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա, որով ուղեղում արյունազեղում չի հայտնաբերվել՝այսինքն մենք ունենք ուղեղի այտուց, որը ի սկզբանե կար և շարունակվող պրոցես է, որի դեմ գնում է ինտենսիվ պայքար», - ասաց Դալլաքյանը։

«Ազատության» հարցին, թե նման դեպքերում ի՞նչ ժամկետներում կարելի է փոփոխություններ սպասել, բժիշկը՝ պատասխանեց. - «Նման լուրջ, ծանր տրավմայի դեպքում ժամանակից շուտ կանխատեսումներ անել որևէ մեկը չի կարող։ Պետք է զինվել համբերությամբ և սպասել ընթացքին»։

Դալլաքյանը փոխանցեց, որ այսօր՝ վաղ առավոտյան, առողջապահության նախարարի ղեկավարությամբ անցկացվել է երրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը որոշելու համար:

«Հավաքվել էին Հայաստանի առաջատար ռեանիմատոլոգները, կատարվեց կոնսիլիում, տրվեց եղած վիճակի գնահատականները և նաև ճշգրտվեց հետագա բուժումն՝ ամբողջ ծավալով»։

Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով, արդեն երկու օր է կենտրոն զանգերը չեն դադարում։ Նա նշեց, որ շատերն են հետաքրքվում երեխայի վիճակով ու իրենց օգնությունն առաջարկում։ Սակայն, հիմա, ըստ մասնագետների, երեխան որէ բանի կարիք չունի։

«Որևէ կարիք՝ դեղորայքի, կամ խնամքի պարագաների, երեխան բացարձակ չունի։ Երեխան ամեն ինչով ապահովված է, գտնվում է շատ լուրջ, խիստ հսկողության տակ, բոլոր ասպեկտներով», - ասաց Դալլաքյանը։