Մատչելիության հղումներ

Շիրակի թեմի առաջնորդ. «Սա դիվային ուժերի գործ է»


Շիրակի թեմի առաջնորդ. «Նոր եղեռնի պատրաստ չէինք»
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Այսօր կկայանա Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հոգեհանգստյան արարողությունը:

«Սա դիվային ուժերի գործ է, բայց եթե մարդ է, ուրեմն դիվահար է և գործել է դևերի, չար ուժերի զորության ներքո», - երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում Ավետիսյանների ընտանիքի ննջեցյալների ու ընտանիքի անդամներից միակ կենդանի մնացած փոքրիկի՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի համար աղոթելուց հետո։

Երեքշաբթի երեկոյան Ավետիսյանների աճյունները տեղափոխվել են Սուրբ Նշան եկեղեցի, որտեղ այսօր կկայանա նրանց հոգեհանգստյան արարողությունը:

«Որևէ գնահատական տալ մարդկային ուժերից վեր է։ Հասկանալի չէ, մարդկային տրամաբանությանը ըմբռնելի չէ, և ես սա մարդու չեմ վերագրում, սա սատանայի գործ է: Մարդն ի վիճակ չէ քնած երեխային սպանելու, կենդանիները նման բան չեն անում, մարդկային ուղեղով հնարավոր չէ ըմբռնել կատարվածը», - ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ 2015 թվականը որոշել էին սկսել Եղեռնի զոհերի առջև խոնարհվելով. - «Նոր եղեռնի պատրաստ չէինք, և ուրեմն սատանան իր բոլոր ուժերը մոբիլիզացրել է մեզ մեր ուղուց շեղելու համար, բայց դա չի հաջողվելու»։

Հիշեցնենք, հունվարի 12-ի առավոտյան Գյումրիում սպանվեցին Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Սերյոժա Ավետիսյանը և ընտանիքի հինգ անդամները։ Ընտանիքից կենդանի մնաց միայն մի քանի ամսական Սերյոժա Ավետիսյանը, ում իրավապահները հայտնաբերեցին վիրավոր՝ կրծքի շրջանում կտրող, ծակող գործիքով ծանր վնասված։

Հիմնական կասկածյալը Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մինչ դեպքը փախուստի էր դիմել զորամասից: Նույն օրը ուշ երեկոյան ռուս սահմանապահները հայ - թուրքական սահմանի մոտ հայտնաբերեցին և ձերբակալեցին Պերմյակովին։

Երեկ ռուս գործընկերների հետ մի քանի ժամ շարունակված քննարկումներից հետո Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության քննությունը կիրականցնի ռուսական կողմը՝ փաստարկելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն չի կարող հանձնվել այլ պետության։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, «Ազատության» հետ զրույցում վկայակոչելով հայ - ռուսական միջպետական համաձայնագրի 4-րդ կետը, նշեց, որ, եթե ռուս զինվորականը հանցագործություն է կատարում Հայաստանի տարածքում, այլ ոչ թե ռուսական զինվորական զորամասերի տարածքում, ապա հետաքննությունը պետք է վարվի երկուստեք։

«Սակայն, պրակտիկան ցույց է տալիս, որ ռուսական կողմը երբևիցե թույլ չի տվել հայկական կողմին որևիցե անգամ քննել կամ պատժել այն զինվորականներին, որոնք Հայաստանի տարածքում կատարել են հանցագործություններ։ Սա մեր իշխանությունների սխալն է, որ մինչև հիմա մենք թույլ ենք տվել, որ էդ 4-րդ կետը չգործի», - ասաց Համբարյանը։

Քաղաքագետը համեմատականներ անցկացրեց 2013 թվականի հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի, որի համար մեղադրվում է Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանը, ու Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգության մեջ։

«Մոսկվայում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը ոչ միտումնավոր ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դառնում, զոհվում են 18 մարդ, և նրան հիմա դատապարտում են 7 տարի, կանացի հագուստով բերում են դատարան, նսեմացնում են, մինչև հիմա չեն արտահանձնում Հայաստանին, որպեսզի ինքն իր պատիժը կրի Հայաստանի տարածքում, ապա ինչո՞ւ ռուս զինվորականը, որը քաղաքի՝ Գյումրիի կենտրոնում սպանդ է կազմակերպում, պետք է հենց հիմիկվանից արդեն լինի ռուսական զորքերի կամ ռուսական կողմի վերահսկողության տակ, և մենք՝ հայերս, հայկական կողմը ոչ մի տեղեկություն պետք է չունենա, սա է խնդիրը», - ասաց Համբարյանը։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի պատկան մարմինները չեն պահանջում, որպեսզի Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, քաղաքագետը պատասխանեց. - «Ծածկադմփոց է արվում, ինչպես գյումրեցիներն են ասում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ մեր Արտգործնախարարությունը, Պաշտպանության նախարարությունը և Ոստիկանությունը պարտադիր պետք է այս հարցը նաև իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Եթե ռուսական կողմը շարունակի այսպես պահել իրեն՝ «ինչ ուզում եմ կանեմ», այդ տարբերակով, ապա իրոք Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի կբարձրանան»։

«Ռուսական կողմը պետք է անպայման հետաքննի և հետաքրքրվի, թե ի՞նչն է պատճառը, որ ռուս զինվորականներն անընդհատ գյումրեցիների տներ են ներթափանցում», - ասաց Համբարյանը՝ հավելելով․ - «Եթե այս գործը պետք է ռուսական կողմը միայն հետաքննի, ապա անաչառության մասին խոսք լինել չի կարող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG