Ոսկևան համայնքի բնակիչ Հրանտ Սարգսյանը երեկ Բաղանիս գյուղի արոտավայրում իր ոչխարի հոտն էր արածեցնում, երբ պատահաբար հանդիպել է ադրբեջանցի դիվերսանտներին, «ու կրակոցով սպանել են», «Ազատությանը» փոխանցեց Տավուշի մարզի Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա հաղորդեց, որ դեպքը տեղի է ունեցել Երևան - Թբիլիսի միջպետական ճանապարհի աջ հատվածում՝ հայկական տարածքում:
«Էդ դիվերսանտներին մեր զինվորականները ժամանակին նկատել են ու փորձել են իրենց հետևել՝ ուր են գալիս, ինչի համար են գալիս: Հետո որոշել են, որ իրանց վերցնեն շուրջկալի մեջ, դիվերսանտները էդ ամեն ինչը հասկացել են», - նշեց գյուղապետը՝ հավելելով, որ 80-ամյա հովիվը սպանվել է այն ժամանակ, երբ դիվերսանտները, հասկանալով, որ շրջապատված են, որոշել են հետ դառնալ:
«Կրակոցները գյուղում լսվել են: Ինձ զանգահարեցին ասացին, որ ДШК-ից են խփել, մեկի տանն է կպել՝ խոհանոցին, հիմա գնում եմ էնտեղ տեսնեմ՝ ինչ է եղել: Էս 20 տարի ոնց եղել է, ապրում ենք», - ասաց Սահակյանը:
Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը հավելեց, որ Հրանտ Սարգսյանը թոշակառու էր, ուներ երկու դպրոցական որդի:
«6-հոգանոց ընտանիք են: Մի 5-6 ընտանիքներով իրենց սեփական ոչխարները հերթականությամբ տանում են արոտի: Երեկ իրա հերթն էր», - ասաց Ալեքսանյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական Haqqin.az-ի հետ զրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարյախլին հերքել է դիվերսիայի մասին տեղեկատվությունը:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր կիրակի օրը ժամը 17:30-ի սահմաններում Բաղանիսի հատվածում ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը չեզոքացվել է հայկական բանակի կողմից: Ըստ Հովհաննիսյանի, փոխհրաձգության ժամանակ ադրբեջանական կողմը կորուստներ է կրել, զոհվել է նաև տարածքում գտնվող 80-ամյա հայ հովիվը: