Անկարան պատրաստվում է ներդնել հնարավոր ջանքերը՝ Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումը ստրասբուրգյան դատարանում պաշտպանելու համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ միաժամանակ աջակցություն հայտնելով այս գործով անցնող ծայրահեղ ազգայնական Դողու Փերինչեքին:
Հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ անգամ քննության կառնի Փերինչեքի գործը: Վերջինս, սակայն, անցած տարի մեղավոր է ճանաչվել հեղափոխության փորձ նախապատրաստող «Էրգենեկոնի» գործով և ըստ դատավճռի հիմա իրավունք չունի լքել Թուրքիայի տարածքը: Չնայած դրան՝ արտգործնախարարը հույս է հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը կկարողանա ներկա գտնվել ստրասբուրգյան նիստին:
«Այժմ Թուրքիայի Վերաքննիչ դատարանը քննում է այս հարցը, և ես հույս ունեմ, որ հունվարի 28-ին Փերինչեքը կմասնակցի դատական նիստին», - ըստ թուրքական լրատվամիջոցների, ասել է Չավուշօղլուն:
Ազգայնական «Աշխատավորական կուսակցության» նախագահը 2007-ին Շվեյցարիայում մի խորհրդաժողովի ժամանակ ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, և ազատազրկման էր դատապարտվել շվեյցարական դատարանի կողմից: Հետագայում Փերինչեքն այս հարցով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, թե ոտնահարվել է ազատ խոսքի իր իրավունքը: Ստրասբուրգյան դատարանը 2013 թվականին բավարարել էր նրա հայցը, Շվեյցարիան, սակայն, խնդրել էր վերանայել այդ որոշումը:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը Եվրադատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ներգրաված է որպես երրորդ կողմ: Հայկական կողմի շահերը դատարանում կներկայացնի հայտնի իրավաբան Ամալ Կլունին:
«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան: