Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը դատապարտում է ԵԴ որոշումը


Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում
Եվրադատարանի շենքը Ստրասբուրգում
Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ խստիվ դատապարտելով նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, որով արդարացվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայի դատարանի կողմից դատապարտված Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը:

Եվրադատարանի վճիռը, Հայ դատի գրասենյակի համոզմամբ, «այնքան վտանգավոր է և ուղղակի զորակցություն է Եվրոպայի տարածքում Անկարայի և Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին ու հավելյալ ճանապարհ է բացում դրա դիմաց»:

«Մեկ անգամ ևս թաքնվելով ազատ խոսքի իրավունքի ետևում, որպես օրինակ վերցնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մոտեցումը, եվրոպական ատյանը իր տխրահռչակ այս որոշմամբ ոտնահարում է Հայոց ցեղասպանության զոհերի և հաջորդական սերունդների արժանապատվության իրավունքը», - ընդգծում է Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը:

«Ավելին, Եվրոպական դատարանը, հայտարարելով, որ «ցեղասպանություն եզրը միաձայնություն չի վայելում», ուղղակիորեն նույնանում է Փերինչեքի ժխտողական այն հայտարարության հետ, ըստ որի՝ «Հայոց ցեղասպանութիւնը միջազգային սուտ է», - ասված է հայտարարությունում:

Հայ դատի գրասենյակը նույնքան դատապարտելի է համարում Եվրադատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ «պետք է տարբերել այս հարցը հրեաների Ողջակիզման դեմ ժխտողականությունից»: «Ինչպե՞ս կարելի է ընդունել նման տարբերակում Եվրոպայի մարդու իրավունքների բարձրագույն ատյանի կողմից», - ասված է հայտարարությունում:

Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը հայտարարում է, որ «Բրյուսելի Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ գործակցաբար իր բոլոր կարողությունները ներդնելու է եվրոպական ատյանի անընդունելի այս որոշման դեմ», և հայտնում է, որ պատրաստվում է առաջին հերթին հանդիպել Փարիզում Շվեյցարիայի դեսպանին՝ ներկայացնելու շվեյցարական իշխանություններից իր ակնկալիքները՝ կապված Եվրադատարանի վճռի բողոքարկման հետ: Համակարգված այլ նախաձեռնություններ ևս կիրականացվեն տարբեր երկրներում՝ «Հայ դատի գրասենյակների և հանձնաժողովների միջոցով, ինչպես նաև՝ պաշտոնական Երևանի կողմից, միացյալ ճակատ կազմելով այս արշավի դեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG