Ֆրանսիայում ահաբեկչությունները չեն դադարում

Your browser doesn’t support HTML5

«Շառլի Էբդո»-ի դեմ ահաբեկչությունից հետո կասկածյալի կարգավիճակով միայն 18-ամյա Համիդ Մուրադն է հանձնվել ոստիկանությունը:

Ֆրանսիայում ահաբեկչական գործողությունները չեն դադարում «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի վրա երեկվա հարձակումից հետո:

Երեկ 3 զինված անձինք գրոհել էին շաբաթաթերթի գրասենյակ, «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգերից կրակահերթեր արձակել և սպանել 12 մարդու, այդ թվում՝ շաբաթաթերթի գլխավոր խմբագրին, լրագրողների, ծաղրանկարիչների, երկու ոստիկանի․ 20 վիրավոր կա, 4-ը՝ ծանր վիճակում են:

France-Press գործակալությունը հաղորդում է, որ զրահաբաճկոնով տղամարդը ինքնաձիգից կրակ է բացել անվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ․ վիրավորվել է երկու հոգի, մեկ կին ոստիկան մահացել է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը, դեպքի վայր շտապելով, հայտարարել է, որ զինյալը դեռևս չի հայտնաբերվել:

Ֆրանսիայի մեկ այլ՝ Վիլֆրանշ-սյուր-Սաոն քաղաքում մզկիթի տարածքում առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Տուժածներ չկան։

Տեղեկություններ կան նաև, որ անցած գիշեր նռնակներ են նետվել Լը Ման քաղաքում:

Ֆրանսիայի հարավում՝ Պոր-Լա-Նուվել աղոթարանի ուղղությամբ նույնպես տեղի է ունեցել պայթյուն:

Ձերբակալություններ

«Շառլի Էբդո»-ի դեմ իրականացրած ահաբեկչությունից հետո կասկածյալի կարգավիճակով միայն 18-ամյա Համիդ Մուրադն է հանձնվել ոստիկանությունը: BBC-ի հաղորդմամբ, նա իրեն մեղավոր չի ճանաչել:

32-ամյա և 34-ամյա Սաիդ ու Շերիֆ Կուաշի եղբայրները դեռևս հետախուզման մեջ են: Վերջիններիս լուսանկարները տպագրել են հեղինակավոր պարբերականներն ու ցուցադրում են ազդեցիկ հեռուստաընկերությունները: Ըստ որոշ տեղեկությունների, Ֆրանսիայի հյուսիսային Վիլյե Կոտրե բնակավայրում բենզալցակայանի աշխատակիցները ճանաչել են ահաբեկչության երկու մասնակիցներին, Նրանք, ականատեսների փոխանցմամբ, զինված են եղել և կասկածվում են վառելիք և սնունդ գողանալու մեջ:

Ֆրանսիայի ոստիկանությունը Փարիզում, Ռեյմս և Շարլեվիլ-Մեզյեր քաղաքներում ձերբակալել է 7 կասկածյալի: Նրանց թվում կան կանայք: Ըստ իրավապահների, ձերբակալվածներն առնչություն ունեն երեկ «Շառլի Էբդո»-ի գրասենյակի վրա տեղի ունեցած զինված գրոհի երկու մասնակից եղբայրների հետ:

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Այսօր կեսօրին Ֆրանսիան մեկ րոպե լռությամբ հարգել է սպանվածների հիշատակը: Փարիզի կենտրոնական հրապարակում մարդիկ ամբողջ գիշեր ծաղիկներ և մոմեր են դրել:

«Ես-Շարլին եմ» վերտառությամբ պաստառներով Լոնդոնում, Մադրիդում, Նյու Յորքում, Մոնրեալում, Ռիո դե Ժանեյրոյում և մի շարք այլ քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել:

Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունենում ֆրանսիական պարբերականի սպանված աշխատակիցների հիշատակին նվիրված և ահաբեկչությունը դատապարտող ակցիաներ:

Փարիզում ինքնաբուխ հավաքի մասնակիցները նշում են, որ «Շառլի Էբդո» պարբերականի աշխատակիցները մեծահոգի և հանդուրժող մարդիկ են:

«Որովհետեև սպանել են նրանց այն մարդիկ, ովքեր չեն ուզում ոչ մեծահոգություն, ոչ հանդուրժողականություն, ոչ մարդասիրություն. Դա ահավոր է», - «Ռոյթերս» գործակալության ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիային մասնակցել են նաև մահմեդականներ: Նրանք մտահոգություն ունեն, որ աշխարհացունց դեպքեր լուրջ ազդեցություն կունենան իրենց վրա:

Միջազգային արձագանքը

Միջազգային ասպարեզում հանրահայտ քաղաքական գործիչները նույնպես միաձայն դատապարտում են Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության դեպքերը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղի ունեցածը որակել է «բարբարոսական գործողություն՝ ընդդեմ եվրոպական արժեքների, խոսքի ազատության և ժողովրդավարության»: Մեծ Բրիտանիայի վարչապետը տեղի ունեցածը բնութագրել է որպես «ահաբեկիչների սարսափելի կամայականություն» և խոստացել է աջակցել ֆրանսիական կառավարությանը:

Ֆրանսիայի հայտնի քաղաքական գործիչ Մարին լե Պենը, France 2 հեռուստաընկերության հաղորդմամբ, առաջարկել է Ֆրանսիայի օրենսդրությամբ նախատեսել մահապատժի հնարավորություն:

«Անձամբ ես կարծում եմ, որ մահապատիժ պետք է լինի», - ասել է նա և առաջարկել Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկել ահաբեկիչներին: