Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ։ Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին»,- ասված է նախագահի հեռագրում։
Սերժ Սարգսյանը նաև զորակցություն ու աջակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Այսօր առավոտյան «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել: Պաշտոնական աղբյուրները հաստատում են, որ հարձակման հետևանքով զոհվել են հայտնի պարբերականի 4 ծաղրանկարիչները, այդ թվում՝ գլխավոր խմբագիրը, որի համար տարիներ առաջ «Ալ Ղաիդան» գլխագին էր սահմանել։