Եվրասիական տնտեսական միության խորհրդի որոշմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայում և Եվրասիական տնտեսական միության դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել:
Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, մասնավորապես, Կոլեգիայի անդամ նախարար են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Այս նշանակումների առնչությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում երեք նոր քարտուղարություն է ստեղծվել:
Նշենք, որ Զարգացման հայկական գործակալության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի որդին է:
Արա Նռանյանը ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է, նախկին պատգամավոր:
Կարինե Մինասյանը տնտեսագետ է, բարձր պաշտոններ է զբաղեցրել Կենտրոնական բանկում, Պետեկամուտների նախարարությունում, Էկոնոմիկայի նախարարությունում: Մինչև ԵՏՄ Կոլեգիայի անդամ նշանակվելը հանդիսացել է ՀՀ նախագահի խորհրդականը:
Նշենք, որ ի տարբերություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մյուս անդամ նախարարների, Հայաստանի ներկայացուցիչների ենթակայության նորքո, ըստ ԵՏՄ պաշտոնական կայքի, որևէ դեպարտամենտ չկա:
ԵՏՄ դատարանում Հայաստանի ներկայացուցիչներ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էրնա Հայրիյանը:
Արմեն Թումանյանը 2009-ից Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր, Էրնա Հայրիյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։
Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել ԵՏՄ խորհրդի կազմում Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը հաստատելու հարցում:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ հունվարի 2-ից: ԵՏՄ-ին անդամակցում են չորս պետություններ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Միության տարածքում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը Ռուսասատանից, Բելառուսից ու Ղազախստանից առաջ ընկավ ու առաջինը այո ասաց ԵՏՄ պայմանագրին։ Իշխանությունը պահը պատմական համարեց, իսկ ընդդիմադիրները՝ վտանգավոր և անհեռանկար։