Հայաստանի միջազգային պահուստները նվազել են

Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԿԲ-ում տարեմուտի ընդունելության ժամանակ: 26-ը դեկտեմբերի, 2014թ․

Հայաստանի միջազգային պահուստները նախորդ տարվա մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածի համեմատ պակասել են մոտ 25 տոկոսով՝ 2 մլրդ 20 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 537 մլն-ի։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մատնանշում է, որ սա ամենացածր ցուցանիշն է՝ 2009 թվականից ի վեր, ինչը, ըստ նրա, լուրջ հարված կհասցնի Հայաստանի հեղինակությանը․ - «Մեզ պարզապես կարող են ճանաչել անվճարունակ երկիր և հատուկ կառավարման ինստիտուտ մտցնել: Դա էլ ընդունված է միջազգային նորմերով, և այստեղ Հայաստանի իշխանությունը ֆինանսական գործարքների հետ կապված որևէ իրավասություն չի ունենա: Նրա ամբողջ պարտականությունը իրենց վրա կվերցնեն ֆինանսական այն կառույցները, որոնք ի Հայաստանին չեն թողնի, որ մենք՝ երեք միլիոն ազգաբնակչությունս ուղղակի սովից կոտորվենք»:

Պահուստների առանցքային նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: Տնտեսագետն ընդգծում է, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Հայաստանը, որի պետական պարտքն արդեն հասել է մոտ 5 մլրդ դոլարի, չի կարող պահուստային ֆոնդից հատկացնել 250 մլն դոլարից ավելի գումար, քանի որ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի չափորոշիչների, պետությունները պարտավոր են միջազգային պահոցներում ունենալ նվազագույնը 3.5 ամսվա ապրանքների ներկրման ծավալներից ոչ պակաս անձեռնմխելի գումար․ - «Եվ եթե մենք այդ հաշվարկը կատարում ենք, մենք պետք է ունենանք անձեռնմխելի 1 միլիարդ 200 միլիոն դոլարի պահուստ: Այսինքն, մենք կմոտիկանանք այդ կրիտիկական սահմանին, որից պակաս պարզապես գործող նորմատիվի սահմաններում իրավունք չունենք»:

Կենտրոնական բանկը դեկտեմբերի տվյալները առայժմ չի հրապարակել: Մինչդեռ, Խաչատրյանի հաշվարկներով, Հայաստանի միջազգային պահուստների ավելանալու համար հիմքեր նաև տարեսկզբի համար չկան։ Լավատեսական հիմքեր չկան նաև դրամի արժեվորման հարցում․ - «Ներդրումներ չկան: Հայաստանում ըստ էության ներդրումային մթնոլորտ չկա, տրանսֆերտները կրճատվել են, որովհետև հիմնականում Ռուսաստանից եկող գումարներն էին: Այսինքն՝ ներհոսք չկա: Արտաքին բնագավառում էլ տնտեսության առումով մեր արտահանվող ապրանքների կոնյուկտուրան դրական չէ՝ պղնձի, մոլիբդենի գների նվազում է գնում: Այս ամեն ինչը բերելու է արտարժույթի սովի, արտարժույթի սովն էլ բերելու դրամի արժեզրկման»:

Միջազգային պահուստները 11 ամսում մոտ 500 մլն դոլարով նվազեցրած Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ավարտվող 2014 թվականը որակել է նաև ձեռքբերումների տարի։

Նախորդ շաբաթավերջին ԿԲ-ում տեղի ունեցած տարեմուտի ընդունելության ժամանակ դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին և գործընկերներին՝ Ջավադյանը երաշխավորել է ֆինանսական կայունություն և վստահեցրել, թե անհնար է, որ տարածաշրջանում ու հատկապես Ռուսաստանի տնտեսության կամ բանկային համակարգի խնդիրները ամբողջությամբ տեղափոխվեն մեր տնտեսություն․ - «Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը»։

Դեկտեմբերի 17-ին ռեկորդային գնի հասած դրամը կառավարության հայտարարություններից ու վարչապետի շրջայցից հետո որոշակիորեն արժեվորվեց: Անցած շաբաթավերջից սկսած, սակայն, հակառակ միտումն է նկատվում․ դոլարն ու եվրոն բանկերում թանկանում են օրական միջինը 3-5 դրամով։

Կենտրոնական բանկն այսօր հերթական 3 միլիոն դոլարն է վաճառել բանկերին՝ 470 դրամ միջինացված փոխարժեքով, որը ուրբաթ օրն իրականացված վաճառքի համեմատ մոտ 5 դրամով բարձր է: