Այսօր առավոտյան մի քանի երթուղիներ գործադուլ էին հայտարարել: Նրանք հավաքվել էին Հարավ-Արևմտյան թաղամասում և պահանջում էին իջեցնել հեղուկ գազի գինը: Ասում էին, որ աշխատանքի դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև գազի գինը չիջնի:
«Մտնում եմ տուն, երեխեն ասում ա՝ պապա հաց բերել ես, ասում եմ չէ, բալես, փող չկա, որտեղի՞ց բերեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Հիշեցնենք, վերջին օրերին գազալցակայաններում գազի գինը աճել է ավելի քան 20 տոկոսով՝ 1 խորհանարդ մետրի համար 190-ից հասնելով 230 դրամի։ Լցակայաններում ասում են, որ թանկացումը կապված է դոլարի փոխարժեքի բարձրացման հետ: Գործադուլ անողները նաև աշխատող վարորդներին էին հորդորում չտեղափոխել ուղևորներին:
Վարորդների հետ բանակցելու էին եկել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու քաղաքապետի տրանսպորտի հարցերով խորհրդական Ալբերտ Գևորգյանը: Նրանք ասում էին, որ գազի գինը իրենք չեն որոշում, և փորձում էին վարորդներին համոզել՝ վերսկսել աշխատանքը:
«Հիմա համոզում ենք, որ էսպես լուծում չի տրվելու, գնան աշխատանքի, մինչև տեսնենք՝ ինչ ա լինում», - ասաց Գևորգյամը:
Պաշտոնյաներն ասում էին, որ այսօր նախատեսում են Քաղաքապետարանում հանդիպել այսպես կոչված գծատերերի հետ հարցի լուծման ուղիները քննարկելու համար: Վարորդները հակադարձում էին, թե այդ կերպ հարցը չի լուծվի:
«Մենք արտահերթ էսօր հանդիպելու ենք իրանց հետ Քաղաքապետարանում և լուծումը գտնենք: Գազի հարցը պետք ա ձեր սպասարկողը լուծի, ես կասեմ՝ ոնց լուծի», - նշեց Ալբերտ Գևորգյանը:
Համար 28 երթուղու տնօրեն ներկայացած մի քաղաքացի «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հարցի լուծումը որևէ կերպ կախված չէ իրենցից:
Քաղաքապետարանի պաշտոնյաները վարորդներին ստիպեցին ազատել փողոցը:
Երթուղայինները հեռացան, բայց վարորդները ասում էին, որ միևնույն է՝ աշխատանքի դուրս չեն գալու:
«Կանգնելու ենք, չենք աշխատելու», - ասաց վարորդներից մեկը:
«Թող գազալցակայաններն էլ վերահսկեն ոչ թե միայն մեզ», - հավելեց մեկ ուրիշ վարորդ:
Ավելի ուշ, սակայն, Քաղաքապետարանից փոխանցեցին, որ վարորդները դադարեցրել են գործադուլը և քաղաքային տրանսպորտը աշխատանքն արդեն բնականոն հունի մեջ է: Քաղաքապետարանից, ակայն, չմանրամասնեցին, թե, ի վերջո, կայացե՞լ է հանդիպում գծատերերի հետ, թե ոչ, և ինչու են վարորդները դադարեցրել գործադուլը: