Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, այսօր անդրադառնալով ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ըստ Հայաստանի վարչապետի՝ ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք «զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից»:
«Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար»,- հայտարարել է Աբրահամյանը:
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը հանրությանը մանրամասն պարզաբանումներ կտա ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Կառավարությունը մշտական կապի մեջ է նաև իր միջազգային գործընկերների հետ, և վստահ է, որ համատեղ ջանքերով և սառը դատողությամբ մենք կարող ենք ապահովել կայունություն թե՛ ֆինանսական, թե՛ ապրանքների շուկաներում՝ այդ թվում բացառելով սպառողական ապրանքների անհիմն թանկացումները»,- նշել է վարչապետը:
Հիշեցնենք, նոյեմբերի սկզբի համեմատ՝ դրամը դոլարի նկատմամբ թանկացել է մոտ 34 տոկոսով՝ 410-ից հասնելով 550 և ավելի դրամի։ Առևտրային անկերը շարունակում են դոլար և եվրո վաճառել սահմանափակ քանակով, փոխանակման կետերում էլ շատ դժվար էր արտարժույթ գտնել։ Որոշ գործարարներ դրամի շարունակական արժեզրկման պայմաններում սահմանափակել են առևտուրը: