Մատչելիության հղումներ

Դրամի արժեզրկումը ստիպել է որոշ գործարարների սահմանափակել առևտուրը


Ժամ առ ժամ արժեզրկվող դրամը լարվածություն է ստեղծել մայրաքաղաքում։ Առավոտից մի շարք խանութներ դադարեցրել են առևտուրը։ Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները «Ազատության» այցելության պահին, չհասցնելով պատասխանել հաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները։ Թարմացվող գներն էլ ավելի էին բարկացնում գնորդներին։ Շատերը պարզապես հրաժարվում էին ընտրած ապրանքից ու նախընտրում այն հետ վերադարձնել։ Թանկացումից բացի սահմանափակում էր դրված նաև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների քանակի վրա։ Օրինակ, շաքարավազ 10 կիլոգրամից ավել չէին վաճառում:

Նույն իրավիճակն էր տիրում նաև հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խանութների ցանցում։ Տոնական սեղաններին քաղցրավենիք գնել ցանկացողներին դրամարկղի աշխատակիցները տեղեկացնում էին, որ վաճառք այս պահին իրականացնել չեն կարող։

Տեխնիկա վաճառող խանութների ցանցում ևս ապրանքները շարված էին հանված գնապիտակներով։ Ընկերության աշխատակիցները կամ հրաժարվում էին վաճառք իրականացնել, կամ անընդհատ փոխում էին գները։

Խանութներից բարկացած և գրեթե կիսադատարկ տոպրակներով դուրս եկող մարդիկ տարակուսում ու դժվարանում էին հավատալ տեսածներին։ Կտրուկ գնաճը նրանց խոսքով անհասանելի է դարձնում անգամ օրվա համար անհրաժեշտ սնունդը։

«Կարագը երեկ չէ առաջին օրը առել եմ շատ էժան, այսօր՝ ահագին թանկացել էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:

«Մտածում ենք՝ գոնե ձուն մի քիչ էժան լինի, մարդ առնի ձու եփի, ուտի», - ասաց մեկ այլ քաղաքացի:

Առավոտից բանկերը շարունակում են դոլար և եվրո վաճառել սահմանափակ քանակով, փոխանակման կետերում էլ շատ դժվար էր արտարժույթ գտնել։ Մեր այցելած փոխանակման կետում դոլարի գինը ցուցատախտակի վրա 550 դրամ էր։ Գնել ցանկացողները, սակայն, ստանում էին կարճ պատասխան՝ «դոլար չկա»։

Նոյեմբերի սկզբի համեմատ՝ դրամը դոլարի նկատմամբ թանկացել է մոտ 34 տոկոսով՝ 410-ից հասնելով 550 դրամի։

Կենտրոնական բանկն այսօր կրկին վաճառել է 4 միլիոն դոլար 526 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը երեկվա համեմատ 33 դրամով ավելի է։

Հիշեցնենք, երեկ Կենտրոնական բանկը դոլարը վաճառել էր 494.46 դրամով։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը առայժմ տեսանելի արդյունք չեն տալիս։

«Ի վերջո, եթե ես իմանամ, որ Կենտրոնական բանկը ինչ-որ ծրագիր ունի՝ դրամի արժեզրկման դեմն առնելու, կհասկանայի, բայց երբ որ ուղղակի դրամը վաճառում է ինտերվենցիա, նախօրոք ասում է՝ էսքան եմ վաճառելու, ու դրա արդյունքում որևիցե ձևով չի կանխվում, նշանակում է՝ էդ գործիքը չի աշխատում», - ասաց Խաչատրյանը:

Ի դեպ, օրվա ավարտին փոխանակման կետերում 1 դոլարի գինը հասավ 575-ի, սակայն գնելը կրկին գրեթե անհնար էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG