Աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանն ուզում է հայկական դրոշը բարձրացնել Բաքվում

Ճապոնիա - Մավրիկ Նասիբյանը՝ Նարիտոյում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության հաղթող, 21-ը նոյեմբերի, 2014թ․

ՀԱՕԿ-ը դեռ չի կողմնորոշվել Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպական խաղերին մասնակցության հարցում:

Սամբոյի աշխարհի վերջին առաջնությունում չեմպիոն դարձած ղարաբաղցի մարզիկ Մավրիկ Նասիբյանը կողմ է Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելուն: «Ազատության» հետ զրույցում 74 կիլոգրամ քաշային կարգում մարտական սամբոյի աշխարհի չեմպիոնն ասաց․ - «Արժի գնալ, չեմպիոն դառնալ և Բաքվում հնչեցնել մեր հիմնը»:

Մավրիկը Ստեփանակերտի բնակիչ է:Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունում իր հաղթանակը նվիրել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվածների հիշատակին: «Հաղթանակս նրանց եմ նվիրում, քանի որ իմ չեմպիոն դառնալը համընկավ զոհվածների աճյունների Հայաստան փոխադրման հետ», - նշում է նա:

Սամբոյի ֆեդերացիայում արդեն իսկ Բաքու-2015-ին մասնակցելու հարցով քննարկումներ են ծավալվել: Նասիբյանը կարծում է, որ որոշումը մեծամասամբ կախված է կազմակերպիչ երկրից ստացած անվտանգության երաշխիքներից․ - «Իրենք ասում են, որ կտան երաշխիքներ, սակայն մենք դրան չենք հավատում: Իմ մասնակցությունը պայմանավորված է ֆեդերացիայի որոշմամբ: Բաքվի Եվրոպական խաղերը չեն ընդգրկի սամբոյի բոլոր քաշային կատեգորիաները, մասնակիցների քանակը ևս սահմանափակ է: Այդ իսկ պատճառով, ֆեդերացիան մասնակցության համար կդիտարկի բարձր վարկանիշներ ունեցող մարզիկներին»:

Մավրիկ Նասիբյանն ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր, որտեղ ծննդավայրը նշված է՝ Ստեփանակերտ: «Անշուշ, շատ տարօրինակ կլինի Ադրբեջանի համար այս փաստը, նրանք այդպիսի բան չեն տեսել», - ընդգծեց մարզիկը:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) մամուլի քարտուղար Յուրա Ալեքսանյանը նշեց, որ պարտադիր է մասնակցել Բաքվի Եվրոպական խաղերին․ - «Չմասնակցելը շատ վատ է մեր իմիջի համար, ի՞նչ է, վախենո՞ւմ ենք: 52 եվրոպական երկիր է մասնակցում, պետք է գնալ, որ չասեն վախեցանք»:

Կապված անվտանգության երաշխիքների հետ՝ Ալեքսանյանն ասաց, որ երաշխիքներ տրվել են, սակայն վերհիշեց 2011-ին Բաքվում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցածը, երբ հայ մարզիկի վրա դահլիճից մետաղադրամներ և քարեր էին նետել մարտի ժամանակ:

Ալեքսանյանը նշեց, որ դեռևս հարյուր տոկոսով չեն կարող ասել՝ կմասնակցե՞ն, թե՞՝ ոչ․ դա կախված է նաև առանձին ֆեդերացիաների դիրքորոշումից, վերին օղակներում քննարկումներից:

«ՀԱՕԿ-ը դեռևս նիստեր այս կապակցությամբ չի գումարել, չեն եղել նաև քննարկումներ ֆեդերացիաների հետ: Կարևորում ենք պետական դիրքորոշումը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում և քննարկում ևս չի եղել, քանի որ նա այս օրերին բացակայել է երկրից, և հերթը Բաքվի Եվրոպական խաղերի քննարկմանը չի հասել», - ասաց ՀԱՕԿ-ի խոսնակը:

Հարցին՝ արդյոք որոշման մասին հայտնելու վերջնաժամկետները չե՞ն մոտենում, Ալեքսանյանը պատասխանեց․ - «Բացառության կարգով Հայաստանը կարող է ուշ հայտնել իր դիրքորոշման մասին, ես սա որպես լրագրող եմ ասում: Կարող ենք հայտնել վերջին օրերին»:

Եվրոպական խաղերը կհյուրընկալի Բաքուն հունիսի 12-18-ը, ծանրամարտ մարզաձևը հեռացվել է խաղերի ծրագրից և փոխարինվել սամբոյով: Բաքվի խաղերում կներկայացվեն 20 մարզաձևեր, որոնցից 16-ը օլիմպիական են։ Կխաղարկվեն նաև 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի վարկանիշներ: