Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Պայմանագրի տեքստը տեղադրված է Պետդումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալը չի հանգեցնի Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերի ավելացմանը», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մասնավորապես նշված է փաստաթղթի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ:
Պետդուման հնարավոր է մինչև այս տարեվերջ վավերացնի պայմանագիրը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պետդումայի ԱՊՀ-ի երկրների, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
«Կքննարկենք առավելագույնս սեղմ ժամկետում, հնարավոր է՝ հանձնաժողովի արդեն հաջորդ նիստում՝ դեկտեմբերի 9-ին», - ասել է Սլուցկին՝ չբացառելով, որ հանձնաժողովից հետո Պետդուման մինչև 2014 թվականի դեկտեմբերի վերջը վավերացնի պայմանագիրը։
Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում, այդ փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի նախագահները։ Մինսկում ստորագրված պայմանագիրն այն բազային փաստաթուղթն է, որտեղ նախանշված են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանները։
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ է դառնում փաստաթուղթն ուժի մեջ մտնելու պահից՝ այսինքն, երբ այն վավերացվի անդամ բոլոր երկրների խորհրդարաններում, բայց ոչ շուտ քան 2015 թվականի հունվարի 1-ը։
Այսպես թե այնպես՝ այդ միության ծնունդը հայտարարված է 2015 թվականի հունվարի 1-ը. այս տարվա մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագիրը՝ ամրագրելով, որ այն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի նախագահը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը՝ չնայած մինչ այդ Հայաստանը ակտիվ բանակցում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ Իսկ Մաքսային միությանն անդամակցելը ձգձգվեց և այդպես էլ տեղի չունեցավ՝ նաև նկատի ունենալով, որ այդ մարմինը վերափոխվելու է Եվրասիական տնտեսական միության։ Այս միության ստեղծմանը նույնպես Հայաստանը չմասնակցեց՝ չնայած Սերժ Սարգսյանը նման ցանկություն էր հայտնել. հիմնադիր փաստաթուղթը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը։ Այժմ Հայաստանն այդ պայմանագրին միանալու ճանապարհի վերջնագծի մոտ է, բայց երկրում դեռ կան կուսակցություններ, անհատներ, որոնք սա համարում են Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության կորուստ։