ՀՔԾ-ն կարճել է Վալերի Օսիպյանի դեմ հարուցված քրեական գործը

Your browser doesn’t support HTML5

Գործում որպես վկա ներգրավված Սմբուլ Հովհաննիսյանը ՀՔԾ-ի որոշումը կբողոքարկի դատարանում։

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ գործով որպես վկա ներգրավված Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարեց, թե Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և համաձայնել, որ որդին իր վրա վերցնի Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության մեղքը: Այս գործում շրջանառվում է նաև բարձրաստիճան ոստիկանի եղբորորդու անունը, ով արդեն վեց ամիս հետախուզման մեջ է:

«Այն, որ Օիսպյանը չպատժվեց, նշանակում է, որ եղբորորդին էլ կխուսափի պատասխանատվությունից», - եզրակացրեց Սմբուլ Հովհաննիսյանը՝ հավելելով. - «Բայց քանի որ իր եղբորորդու գործը դեռ քննության մեջ է, ինչո՞ւ են կարճել այս գործը, կարճել են, որ հաջորդ գործն էլ կարճեն»։

Գործում որպես վկա ներգրավված Հովհաննիսյանը պնդեց, որ գործի քննությունը մինչև այսօր միակողմանի է տարվել:

«Երբ փոխոստիկանապետն ինձ առաջարկեց որդուս ուսերին բարդել դանակահարության մեղքը, ներկա էին իր մայրը, զարմիկն ու իմ հարևանուհին», - ասաց Հովհաննիսյանն ու պնդեց, թե այս վկաներից որևէ մեկի հետ ինքը՝ որպես մեղադրող կողմ, առայսօր չի առերեսվել:

Սմբուլ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ դանակահարության ժամանակ իր որդին միայն հաշտեցնողի դերում է եղել: Նա «Ազատությանը» ցույց տվեց գործի կարճման մասին Հատուկ քննչական ծառայության որոշման կրկնօրինակը՝ առանց կնիքի ու քննիչի ստորագրության:

«Տեսեք՝ ո՛չ ստորագրություն, ո՛չ էլ կնիք։ Սա իրավական ուժ չունի, ու սա ես բողոքարկել եմ դատարան», - ասաց Հովհաննիսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, այսպիսի փաստաթուղթը համարվում է անօրինական: Մյուս կողմի շահերը պաշտպանող փաստաբան Կրոմվել Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ իրականում դանակահարողը ոչ թե Օսիպյանի եղբորորդին է, այլ Սմբուլ Հովհաննիսյանի որդին, այն դեպքում, երբ այս գործով քննությունը դեռ չի ավարտվել:

«Որպես Սեդրակ Օսիպյանի պաշտպան, ես համոզված եմ, որ աղմուկ բարձրացնողի տղան է դանակահարել, ոչ թե Սեդրակ Օսիպյանն է դանակահարել։ Ինձ մոտ կա հստակ համոզմունք, որ դանակահարողը Սեդրակ Օսիպյանը չէ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քննության այս փուլում, փաստաբանի նման հայտարարությունը կոպիտ խախտում է համարում. - «Նախ ես սա գնահատում եմ որպես անմեղության կանխավարկածի խախտում. եթե կային այդպիսի հուժկու փաստեր, ինչո՞ւ հենց սկզբում՝ դեպքից հետո, երբ մեծ աղմուկ էր, ի հայտ չեկան։ Անհասկանալի է ինձ նախաքննության փուլում այդպիսի պնդումները, դա շատ կասկածելի է»։

Իրավապաշտպանի խոսքով, այն, որ Սեդրակ Օսիպյանը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկն է, արդեն բավարար հիմք է՝ կանխատեսելու, թե գործն ինչպես էր գլխիվայր շուռ գալու: Ըստ Ալեքսանյանի, անընդունելի է նաև այն, որ Օսիպյանը շարունակում է բարձր պաշտոն զբաղեցնել մի համակարգում, որն արդեն վեց ամիս է չի կարողանում հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող եղբորորդուն, մինչդեռ, երբ մեղադրվում են իշխանություններին քննադատող ակտիվիստները, ըստ Ալեքսանյանի, պատկերը բոլորովին այլ է լինում։

«Երբ որ ակտիվիստներին, մեքենաներ են հրդեհում, ակտիվիստների նկատմամբ են այդ բռնության դեպքերը, դրանք երբեք չեն բացահայտվում։ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի վրեժխնդրությունն է, որ հիմա անմեղ երիտասարդի գլխին սպառնալիք են կախել, որ քեզ էլ ենք տանելու և ունենք հզոր փաստեր», - ասաց Ալեքսանյանը։

Հատուկ քննչական ծառայության կողմից Օսիպյանի նկատմամբ քրեական գործը կարճելու որոշումը Սմբուլ Հովհաննիսյանը բողոքարկելու է դատարանում, արդեն նշանակված է դատական նիստի օրը: