Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո գազի սակագինը Հայաստանի համար չի նվազի: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Ըստ փոխնախարարի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը պարզապես թույլ կտա, որպեսզի գազի սակագինը չբարձրանա: Շնորհիվ հենց այդ անդամակցության՝ Հայաստան ներկրվող գազի սակագնից կհանվի արտահանման մաքսատուրքը:
«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համաձայնագիր է կնքել, որով մինչև Մաքսային միությանը կամ ավելի շուտ Եվրասիական արդեն տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալը, արդեն այդ համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետություն ներկրվող գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մասով արտահանման մաքսատուրքից Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ ազատված է: Այսինքն, այսօր՝ մինչև միանալը, արդեն իսկ գործում է այդ ռեժիմը», - ասաց Կարայանը:
Հիշեցմանը, որ Ազգային ժողովում քննարկման ժամանակ ինքը նշել էր, որ Հայաստանը խնդիր կունենար, եթե Եվրասիական տնտեսական միությանը չմիանար՝ հենց նույն էներգակիրների և ադամանդի հետ կապված, փոխնախարարը արձագանքեց․ - «Որովհետև այդ համաձայնագիրը գործելու է մինչև մեր միանալը: Եթե մենք չմիանանք, ապա այդ համաձայնագիրը կդադարի գործել, և Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի, նավթամթերքի և ադամանդի վրա կկիրառվեն արտահանման մաքսատուրքի դրույքաչափերը»:
«Այսինքն՝ այդ համաձայնագիրը Ռուսաստանի և Հայաստանի միջև գործելու է մինչև մեր անդամակցությո՞ւնը, այդպե՞ս է մեր պայմանավորվածությունը եղել», - այս հարցին Կարայանը պատասխանեց․ - «Այո»:
«Այսինքն, չենք կարող ակնկալել որևէ փոփոխություն՝ գազի սակագնի հետ կապված», - այս դիտարկմանն էլ ֆինանսների փոխնախարարն արձագանքեց․ - «Դա արդեն կախված է, թե գազի գնի ինչ փոփոխություններ տեղի կունենան Ռուսաստանի Դաշնությունում: Մեր անդամակցության հետ կապ կունենա այնքանով, որ կշարունակենք մենք այդ ապրանքատեսակները ստանալ առանց արտահանման մաքսատուրքերի»: