Փորձագետները ԵՏՄ դատարանի առնչությամբ մտահոգություններ ունեն

Your browser doesn’t support HTML5

Արթուր Սաքունցի պնդմամբ, օրինակ, եթե Հայաստանը փորձի զենք գնել Ուկրաինայից, Ռուսաստանը շատ հեշտ կարող է ԵՏՄ դատարանում որոշումը կասեցնել։

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը կարող են վիճարկվել ու չեղյալ համարվել Եվրասիական տնտեսական միության դատարանում։

Միջազգային իրավունքի մասնագետ Վիգեն Քոչարյանի խոսքով, կառույցի հիմնական գործառույթը ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթում ամրագրված դրույթների ապահովումն է։ Դատարանը քննարկի նաև այն վեճերը, որոնք կծագեն ԵՏՄ-ի շրջանակներում միջազգային պայմանագրերի կամ մարմինների որոշումների վերաբերյալ։

«Նոր կնքվող միջազգային պայմանագրերը, չպետք է հակասեն արդեն իսկ գործող պայմանագրերին, և, այս առումով, թե՛ Հայաստանը, և թե՛ միության անդամ երկրները կաշկանդված են լինելու այլ պետությունների հետ պայմանագրեր կնքելու», - ասաց Քոչարյանը։

Հայաստանի օրենսդիր մարմինը յուրաքանչյուր օրենք վավերացնելուց կամ նախաձեռնելուց առաջ պետք է նախ և առաջ հաշվի առնի ԵՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները։ Այս դրույթը մտավախության առիթ է տալիս, սակայն իրավագիտության դոցենտը նկատում է, որ յուրաքանչյուր միության անդամակցությունը իրենից ենթադրում է ինքնիշխանության որոշակի զիջում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, զիջումն էական է, անդամակցությունից հետո կարևորագույն ինստիտուտները՝ Խորհրդարանն ու Սահմանադրական դատարանը կստորադասվեն, ընդունված որոշումները՝ ձևական բնույթ կկրեն։

«Էստեղ ինքնիշխանության այնպիսի ոչնչացման կամ զիջման մասին է խոսք գնում, որ նույնիսկ քո պետական մարմինները, քո իսկ շահերից ելնելով ինքնուրույն որոշումներ կայացվելուց են զրկվում, որովհետև անընդհատ պետք է նայեն դեպի ԵՏՄ անդամ մյուս երկրների մոտեցումներին, և կախված լինեն ԵՏՄ դատարանից», - հայտարարեց Սաքունցը։

Դատարանի կազմում անդամ պետությունները կունենան երկուական դատավոր։ Որոշումները կկայացվեն կոլեգիայի միջոցով։

Արթուր Սաքունցը մատնանշեց՝ ԵՏՄ անդամների տնտեսական հզորությունները մի քանի անգամ գերազանցում են Հայաստանին, իսկ դատական համակարգի արդարադատության ու կոռումպացվածության աստիճանը սահմաններ չի ճանաչում։

Հաշվի առնելով անդամ պետություններից Բելառուսի և Ղազախստանի ընդգծված կոշտ վերաբերմունքը Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ իրավապաշտպանը դատարանից արդարացի վճիռ սպասելն անիմաստ է համարում, ասում է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր սկզբունքը կգործի նաև այստեղ։

«Եթե Հայաստանը փորձի զենք գնել, ասենք, Ուկրաինայից, կամ Բուլղարիայից, Ռուսաստանը շատ հեշտ կարող է բարձրացնել այդ հարցը ԵՏՄ դատարան, և դատարանը որոշի, որ կասեցնում է», - ասաց Սաքունցը։

Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը երբևէ դեմ չարտահայտված Արծվիկ Մինասյանը (Դաշնակցություն) ընդունեց՝ որոշ սահմանափակումներ օրենսդիրի առջև գոյություն ունեն, սակայն դա լուրջ վտանգ Հայաստանի ինքնուրույնությանը չհամարեց։

Ի դեպ, Եվրասիական տնտեսական միության դատարանի կանոնադրության համաձայն՝ այս դատարանի դատավորներն իրենց պաշտոնը ստանձնելիս պետք է երդվեն։ Սակայն, թե ինչի՞ վրա կամ ո՞ւմ պետք է երդում տան, դեռ հայտնի չէ։