ԵՏՄ-ին անդամակցելու հարցը դրական եզրակացություն ստացավ ԱԺ տնտեսական հանձնաժողովում

Your browser doesn’t support HTML5

Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու հարցը այսօր դրական եզրակացություն ստացավ խորհրդարանի տնտեսական հանձնաժողովում:

Շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո հանձնաժողովի անդամների մեծ մասը կողմ արտահայտվեց Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը:

Կողմ քվեարկեցին այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանի», ընդդիմադիր Դաշնակցության և իշխող Հանրապետականի պատգամավորները: Դեմ քվեարկեց ընդամենը երկու պատգամավոր՝ «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը և անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննարկմանը չէր մասնակցում:

Եթե եռյակի անդամներից ՀԱԿ-ը և Դաշնակցությունը մինչ այս կողմ էին արտահայտվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում առայսօր չէր ներկայացրել: Այսօր, սակայն, տնտեսական հանձնաժողովի նիստը նախագահող Միքայել Մելքումյանը հայտարարեց՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը» կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։

Հարցին, թե արդյոք իր քվեարկությունը նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ- խմբակցությունը ամբողջությամբ կողմ է քվեարկելու ԵՏՄ-ի անդամակցությանը, Մելքումյանը արձագանքեց.- «Ի՞նչ եք կարծում, ես առանձին որպես խմբակցության պատգամավոր և քաղաքական խորհրդի անդամ եկել եմ, ինքս առանձին իմ տեսակետն եմ արտահայտում... Իհարկե, կարո՞ղ է իմ էսօրվա քվեարկությունը հանկարծ տարբերվի։ Բայց էլի եմ ասում՝ ապրենք մինչև երկուշաբթի, ոնց որ հայտնի կինոյում էր ասվում։ Կգա երկուշաբթի օրը, մենք վերջնական կասենք, արդեն ձևը, բովանդակությունը վերջնական կամրագրվի»։

Մելքումյանը հավելեց, որ և ԵՏՄ-ի անդամակցության հարցը, և հաջորդ տարվա պետական բյուջեն կմտնեն Ազգային ժողովի քառօրյայի օրակարգ։

Կողմ լինելով ԵՏՄ-ի անդամակցությանը, ԲՀԿ պատգամավորը միաժամանակ մի շարք մտահոգություններ ներկայացրեց: Նրա փոխանցմամբ՝նշվում էր, թե Հայաստանն այլընտրանք չուներ՝ հաշվի առնելով անվտանգության հարցերը, մասնավորապես, ղարաբաղյան խնդիրը: «Պարզ չէ՝ ինչու չունեինք այդ այլընտրանքը»,- ընդգծում է Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ պատգամավորը մեկ այլ մտահոգիչ փաստ էլ է մատնանշում՝ ԵՏՄ պայմանագրում չկա այն հարցի պատասխանը, թե արդյոք Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետ լինելու է, թե՝ ոչ:

«Ես կարծում եմ, որ սա պետք է հստակ լինի, ոչ թե խոսքով ասենք, թե այդ մաքսակետը չկա»,- ասաց Մելքումյանը։

Ինքնիշխանության կորուստ որոշ ոլորտներում կլինի

Տնտեսական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ չշրջանցվեց նաև ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում Հայաստանի ինքնիշխանության կորստի հարցը: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը պնդեց՝ ստեղծվելու է վերպետական մի մարմին, որի որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի համար:

«Եթե կա այս պայմանագրով ԵՏՄ-ում տնտեսական հանձնաժողով, որի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար, դա արդեն հակասահմանադրական է, որովհետև մեր Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները պարզապես բացառում են վերպետական, վերազգային որևիցե կառույց, որի որոշումները պետք է պարտադիր լինեն Հայաստանի համար»,- նկատեց Քոքոբելյանը։

Այն, որ Հայաստանը որոշ ոլորտներում կկորցնի ինքնիշխանությունը, չթաքցրեց նաև ֆինանսների փոխնախարարը.- «ԵՏՄ-ի մարմինների կողմից կայացրած որոշումները մեզ համար կլինեն պարտադիր։ Այդ մասով, այո, մենք մեր դրույքաչափերի որոշման լիազորությունը կվերապահենք ԵՏՄ-ին։ Այդ մասով է, որ կարող է հարց գնալ՝ մենք մեր սուվերենության հարցը կորցնում ենք, թե՝ չենք կորցնում»,- ասաց Սուրեն Կարայանը։

ԱՀԿ-ի հետ կշփվի Ռուսաստանը

Ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ Հայաստանն այլևս միայնակ չի հարաբերվելու, ծագած խնդիրների լուծմանը մասնակից է դառնալու Ռուսաստանը:

«Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ՀՀ-ն ստանձնել է որոշակի պարտավորություններ՝ մաքսատուրքերի դրույքաչափերի մասով, և մենք միանալով ԵՏՄ-ին՝ խախտելու ենք մեր ստանձնած պարատավորությունները։ Առևտրի համաշխարհային կազմակերպության ընթացակարգերը նախատեսում են, թե այդ դեպքում ինչպես պետք է վարվենք և ինչ բանակցություններ պետք է սկսենք։ Այո, այդտեղ նշված է, որ «Հայաստանը չի հանդիսանալու կողմ, կողմ մեզ հետ միասին կհանդիսանան հիմնականում Ռուսաստանի Դաշնությունը», որովհետև անդամ երկրներից միայն ՌԴ-ն է, որ հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ»,- պարզաբանեց փոխնախարարը։

Հայաստանի ինքնիշխանության շուրջ մտահոգություններից բացի, նաև տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր բարձրացվեցին:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ արտահայտվող անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը խոսեց բազմաթիվ ապրանքերի թանկացումների մասին:

Նշենք, որ ընդամենը մոտ 700 ապրանքներից 500-ի դեպքում մաքսատուրքերը չեն փոխվի, և այդ ապրանքները 5 տարի չեն թանկանա: Սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու հետո: Հստակ չէ նաև այդ ցանկում չընդգրկված ապրանքների՝ 2015 թվականի հունվարից սպասվող թանկացումը, ինչ ազդեցություն կթողնի մարդկանց կենսամակարդակի վրա: Բացի այդ, պատգամավորի համոզմամբ, ԵՏՄ-ին անդամակցելիս Հայաստանում կտրուկ կնվազեն օտարերկրյա ներդրումները:

«Որևիցե անգլիացի չի ցանկանալու գա Երևանում ֆիրմա բացի, որ Երևանի միջոցով Մոսկվայում ինչ-որ ապրանքատեսակ վաճառի։ Ես կցանկանայի, որ նրանք, ովքեր պաշտպանում են ԵՏՄ-ի անդամակցությունը, գոնե չխոսեն տնտեսական շահի մասին, այլ գոնե միայն քաղաքական կողմի մասին խոսեն»,- ասաց Քոքոբելյանը։

ԵՏՄ դատարանի անաչառությունը մտահոգությունների տեղիք է տալիս

ԵՏՄ անդամակցությանը դեմ քվեարկած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ներկայացրեց իր մտահոգությունները՝ կապված ԵՏՄ-ի դատարանի հետ: Պատգամավորի համոզմամբ՝ որևէ երաշխիք չկա, որ այդ դատարանը չի գործելու հայ գործարարների դեմ: Գաղտնիք չէ, թե Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում դատարանների անկախությունն ինչ վիճակում է: Եվ պայմանագրում էլ որևէ հստակ մեխանիզմ չկա, որով և հայ գործարարների, և աշխատանքային միգրանտների իրավունքները կպաշտպանվեն:

«Մեկ տարի էլ չի անցել, մեր վարորդին տեսանք խալաթը հագցրած տարան դատարան, կամ նույն կերպ Լևոն Հայրապետյանի մասով՝ ինչ վերաբերմունք կար»,- ասաց Պողոսյանը։

Պատգամավորների հարցերին պատասխանող ֆինանսների փոխնախարարը ընդգծեց, թե ԵՏՄ-ի դատարանում Հայստանի քաղաքացիների շահերի պաշտպանության երաշխիքը լինելու է այն, որ յուրաքանչյուր երկիր հավասարապես ներկայացված է լինելու այդ դատարանում: Նշենք, որ ամեն երկիր ԵՏՄ դատարանում ունենալու է երկուական դատավոր։

«Այդ դատարանը քննելու է բոլոր այն հարցերը, որոնք կապված են՝ ինչքանով է ճիշտ կիրառվում ԵՏՄ-ի պայմանագրի դրույթները, դրանից բխող բոլոր միջազգային պայմանագրերը, եռակողմ պայմանագրերը, ԵՏՄ-ի մարմինների կարգադրությունների ու որոշումների կատարում։ Մեր երաշխիքը այն է, որ ամեն երկիր հավասարազոր ներկայացած է լինելու»,- ասաց Կարայանը։