Կտրուկ վատացել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը

Իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի փաստաբանն այսօր հայտարարել է, որ բանտում կտրուկ վատացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը։

«Յունուսը լուրջ խնդիրներ ունի երիկամների հետ և արյան մեջ բարձր է շաքարի պարունակությունը։ Նա հաճախ ճնշման անկում է ունենում, իսկ հուլիսին տեղի ունեցած ձերբակալությունից հետո նիհարել է տասը կիլոգրամով», - հայտնել է Յելչին Գամբարովն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության թղթակցի հետ զրույցում՝ վկայակոչելով վերջին օրերին նրան բուժզննության ենթարկած բժիշկին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Յունուսն այսօր նաև խնդիր ունի իր հիվանդության պատմությունը հաստատող թղթերի հասանելիության հետ։

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, ով ևս ձերբակալված է, Ադրբեջանի իրավապահների կողմից հետապնդվում էին դեռևս այս տարվա ապրիլից, երբ Անկարայում ձերբակալվեց, ապա Ադրբեջան արտահանձնվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու մեջ։ Յունուս ամուսինները նույնպես այդ գործով են անցնում։