ՀՀԿ-ն սպասում է ԲՀԿ-ի արձագանքին վարչապետի առաջարկի վերաբերյալ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մատնանշում է, որ «եռյակի հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հստակ կարծիք չի արտահայտել»:

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) ակնկալում է լսել, թե ինչ կասի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եռյակին ուղղված վարչապետի առաջարկի վերաբերյալ, հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց իշխող կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Երեքշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամայանը համագործակցության կոչ արեց ոչ իշխանական եռյակին՝ առաջարկելով հատուկ թիմ ձևավորել և հերթով քննարկել եռյակի 12 պահանջները: «Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին», - ընդգծել էր վարչապետը:

Աբրահամյանի հայտարարության հաջորդ օրն իսկ եռյակը նիստ գումարեց, որից հետո Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, թե եռյակը որոշում է կայացրել այս հարցով որևէ քննարկման մեջ իշխանության հետ չմտնել, քանի որ Հանրապետականն այդ կերպ փորձելու է ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ և անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ ու արդյունքում կոտրել համաժողովրդական շարժման թափը:

Հինգշաբթի օրը Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անելու իշխանությունը վարչապետի առաջարկությունը եռյակի կողմից մերժելուց հետո:

«Ո՞վ մերժեց ոչ իշխանականից՝ ՀԱԿ-ը չմասնակցեց, մեկ էլ [«Ժառանգություն»-ից] Ռուբիկ Հակոբյանն է մերժել, կոնկրետ «Բարգավաճ Հայաստան»-ից դուք լսե՞լ եք, որ մերժել են», - հարցին արձագանքեց իշխող կուսակցության խոսնակը և ի պատասխան լրագրողների հիշեցման, որ Լևոն Զուրաբյանը ընդհանուր հայտարարություն է արել, ասաց․ - «Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք դիմել, ոչ էլ դիմել ենք Ռուբիկ Հակոբյանին: Ես չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Ռուբիկ Հակոբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարծիք արտահայտող ներկայացուցիչներ են: Մենք ակնկալում ենք, որ նաև «Բարգավաճ Հայաստանը» պատասխանի, քանի որ այդ հանդիպումից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը հստակ կարծիք չի արտահայտել»:

«Ավելին, ինչպես դուք նշեցիք, Լևոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանն են կարծիք արտահայտել: Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ էլ Ռուբիկ Հակոբյանին, և չեմ կարծում, որ Ռուբիկ Հակոբյանը կամ Լևոն Զուրաբյանը այն քաղաքական գործիչներն են, ովքեր որ այլ կուսակցության փոխարեն լիազորված են պաշտոնական հայտարարություն անելու», - ընդգծեց Շարմազանովը՝ ամփոփելով․ - «Մեկ անգամ ասել եմ, ևս մեկ անգամ կրկնվեմ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, դուք տեղյակ եք, թե Հանրապետական կուսակցությունը ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք»:

«Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՞ մասին է խոսքը», - «Ազատության» այս դիտարկմանը ՀՀԿ-ի խոսնակը արձագանքեց․ - «Դո՛ւք ասացիք, ես չասացի»: