Եռյակի ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանն» ու «Ժառանգությունը» մերժում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի` 12 կետերի շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկը:
Այսօր Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ ընդգծելով, թե այդ 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է:
«Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների։ Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- երեքշաբթի օրը հայտարարել է Աբրահամյանը:
Եռյակը, սակայն, մերժում է Աբրահամյանի այս առաջարկը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենք մերժում են ոչ միայն վարչապետի առաջարկը, այլև հրաժարվել են մասնակցել այսօր Ազգային ժողովի նախագահի կողմից նույն հարցով հրավիրված քննարկմանը: Նշենք, որ Գալուստ Սահակյանն այսօր իր մոտ է հրավիրել բոլոր խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու ոչ իշխանական ուժերի կողմից դեռևս հունիսին ներկայացված 12 պահանջները: Ուշագրավ է, որ այդ հանդիպմանը մասնակցել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Մեր խմբակցությունը չի մասնակցում ոչ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցություններին, ոչ էլ էդ նույն խորհրդակցություններին Ազգային ժողովի նախագահի մոտ: Մենք անիմաստ ենք գտնում 12 կետի շուրջ քննարկումները, էս քննարկմանը մենք հիմա չենք մասնակցում», - ասաց Մանուկյանը:
Եթե ՀԱԿ-ը բոյկոտել է, ապա եռյակի մյուս ուժերի՝ «Ժառանգության» և ԲՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Գալուստ Սահակյանի մոտ հրավիրված քննարկմանը: Սակայն և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, և ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն «Ազատությանը» փոխանցեցին, որ բովանդակային քննարկումների մեջ չեն մտել, պարզապես փոխանցել են, որ 12 կետերի շուրջ բանավեճ ծավալելը անիմաստ են համարում և դուրս են եկել սենյակից: Այսպիսով, ԲՀԿ-ն նույնպես մերժում է վարչապետի առաջարկը:
«12 կետերի շուրջ ձևաչափ ձևավորելու մասին է՝ մենք չենք մտել որևէ բովանդակային քննարկման մեջ, խոսքը գնացել է ուղղակի շփումների մասին, մենք ուղղակի արձանագրել ենք, որ կառավարությունը բավականին ժամանակ ուներ և պետք է աներ, հիմա էլ կարող է ցույց տա, որ կարող է, բայց որը մենք չենք տեսնում», - ասաց Մելքումյանը՝ շարունակելով․ - «Էնպես որ, ասել ենք ու մենք փաստորեն դրանով սահմանափակվել ենք՝ որևէ բովանդակային քննարկում, բանակցային որևէ բան չի եղել»:
Գալուստ Սահակյանի նախաձեռնած հանդիպմանը ներկա գտնված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հովիկ Աբրահամյանի առաջարկած այսօրինակ քննարկումների միջոցով իշխանությունն ընդամենը փորձում է իմիտացիա ստեղծել, թե կառուցողական է տրամադրված և պատրաստ է որոշակի քայլեր ձեռնարկել: Մինչդեռ նպատակը ժամանակ ձգելն է և իրական խնդիրներից ուշադրությունը շեղելը, նշում է Հակոբյանը։
Իշխանությունների հանդեպ անվստահության հիմնական պատճառը Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ Հանրապետականի կողմից Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգը վերացնելու և ընտրողների ցուցակները հրապարակելու շուրջ եռյակի առաջարկները մերժելն էր:
«Ես ուղղակի այդ հանդիպման ժամանակ ասացի, որ դուք վստահություն չեք ներշնչում, որ իսկապես պատրաստ եք անկեղծորեն ընդդիմության հետ միասին աշխատելու։ Նորից անդրադարձա ընտրական օրենսգրքի փոխություններին, և մենք չմասնակցեցինք բովանդակային քննարկումներին, մերժեցիք և դուրս եկանք, բոյկոտեցինք»,- ասաց պատգամավորը։
Ռուբեն Հակոբյանը հիշեցնում է՝ երբ կառավարությունը նոր է ձևավորվել, և Հովիկ Աբրահամյանը անսպասելիորեն եկավ քառյակի հանդիպմանը, այդ ժամանակ խոսեց պարտադիր կուտակային կենսաթոշակների խնդրի մասին՝ խոստանալով քայլեր ձեռնարկել և լարվածությունը թուլացնել, սակայն արդյունքում ունեցանք ավելի վատ օրենք: Նույնը, նրա կարծիքով, կրկնվում է նաև հիմա։
«Որևէ տարբերություն չեմ տեսնում, և ցավում եմ, որ իշխանությունը այդպես էլ չգիտակցեց, որ ոչ թե պետք է գեղեցիկ նախադասություններ ձևակերպի միասին աշխատելու մասին՝ իմիտացիոն ինչ-որ ֆոն ապահովելու համար, այլ իսկապես անհրաժեշտ է, որ անկեղծորեն համարժեք գնահատի իրավիճակը և հասկանա, որ միասնական ուժերով կարող ենք այս վիճակից դուրս գալ, և ոչ թե հետին նպատակներով, իմիտացիոն գործընթացներ ապահովելով»,- ասաց Հակոբյանը։