Ընտրական օրենսգրքում ընդդիմության առաջարկած փոփոխությունները իշխանական Հանրապետականն ընկալել է որպես «նախապայման»։
«Իսկ նախապայմանների, վերջնագրերի լեզուն չենք ընդունում»,- ասաց հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը.- «Նախապայմաններով խոսել, որոշակի պահանջատիրական բաներ օգտագործել, համենայնդեպս, հաստատ չի օգնելու այն գործընթացին, որ մենք սկսել ենք։ Մենք պատրաստ ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք քննարկումների, պատրաստ ենք խելամիտ առաջարկներ լսելու, բայց այդ ամեն ինչը պետք է տրամաբանության շրջանակներում լինի»։
Եռյակը երեկ հայտարարեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանին տալ հնարավորություն ապացուցելու «իր խոսքի արժեքը»։ «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունն» ասում են՝ եթե իշխանությունը ցանկանում է երկխոսել ընդդիմության հետ, պետք է բարեփոխի Ընտրական օրենսգիրքը՝ վերացնի մեծամասնական ընտրակարգը, հրապարակի ընտրությանը մասնակցածների ցուցակը։
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եռյակին պատասխանեց նրանց իսկ օգտագործած որակմամբ՝ ոչ թե 12 կետերի շուրջ բանակցելը, այլ Ընտրական օրենսգիրք բարեփոխելն է ժամանակավրեպ։
«Կառավարությունը միշտ էլ այդ կետերի հետ կապված առաջարկությունները ընդունել է, այդ դեպքում պետք է կառավարությանը ընդառաջ գնային և գային միասին քննարկեին, այդ խնդիրներին լուծում տալու նպատակով»,- ասաց Մելիքյանը։
Դիտարկմանը, թե նման առաջարկ չի եղել, Մելիքյանը պատասխանեց.- «Բայց կառավարությունը ինչո՞ւ պետք է առաջարկի... եթե ցանկանում էին, կարող էին գնալ, նստել, որովհետև կառավարությունը այդ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ կատարում է։ Հիմա ասում է՝ եթե կասկածում եք, եկեք միասին անենք, միգուցե ավելի արագ անե՞նք»։
Հանրապետականի տեսակետն ամբողջացրեց ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը։ Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Սահակյանն ասաց՝ Հանրապետականը չպետք է ամրապնդի հերթական ընտրությունների գնացող եռյակի դիրքերը։
«Մենք Ընտրական օրենսգիրքը քննարկելու ենք, բայց քննարկելու ենք Սահմանադրության փոփոխությունների ֆոնին»,- ասաց խորհրդարանի նախագահը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ասաց՝ նախաձեռնությունը պատրաստվում են ԱԺ-ի օրակարգ բերել դեկտեմբերի սկզբին։Ենթադրում են, որ ոչ իշխանական բոլոր խմբակցությունները կպաշտպանեն այն։
Հակոբյանն ասում է՝ եթե Հանրապետականը մերժեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, կապացուցի նախ, որ ցանկանում է պահել մեծամասնական 41 մանդատը՝ վերարտադրվելու համար, նաև, որ երկխոսելու պատրաստակամությունը իմիտացիա էր.- «Խնդիրը մեկն է՝ շեղել ուշադրությունը, ժողովուրդը ճիշտ է ասում՝ ուզում են ջրեն էս հարցը»։
Հակոբյանն ասում է՝ եթե Հանրապետականն ընդունի իրենց առաջարկը, բարեփոխի Ընտրական օրենսգիրքը, հետագա համագործակցություն-երկխոսության համար դաշտ կապահովի։
«Եթե իշխանությունը դրական արձագանքի և քաղաքական կամք ցուցաբերի, ընդառաջի ընդդիմությանը, ընդդիմությունը պատրաստ կլինի երկխոսել այլ հարցերի շուրջ»,- ասաց Հակոբյանը։
Երբ եռյակը դեռ քառյակ էր, ոչ իշխանական ՀԱԿ-ի ԲՀԿ-ի ու «Ժառանգության» հետ Դաշնակցությունը ևս պայքարում էր Ընտրական օրենսգրքում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ամրագրման և ընտրողների ցուցակների հրապարակման համար։ Արմեն Ռուստամյանն ասաց՝ տեսակետը չեն փոխել, այնուհանդերձ, նախորդ տապալված փորձերը աչքի առաջ ունենալով՝ կարծում են արտահերթ նիստ կարող է լինել ինքնանպատակ։ Դաշնակցության համար ավելի արդյունավետ է հարցը սահմանադրական բարեփոխումներով ամրագրելը։
«Անընդհատ փորձել նույն արդյունքները արձանագրել, մենք չենք համարում, որ սա ճիշտ մոտեցում է»,- ասաց նա։