Եռյակը հնարավորություն կտա նախագահին «ապացուցելու իր խոսքի արժեքը»

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմությունն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի։

12 կետերի շուրջ իմիտացիոն քննարկումների փոխարեն եռյակի ուժերը հնարավորություն կտան Սերժ Սարգսյանին գործով ապացուցել՝ արդյոք նա իսկապես պատրա՞ստ է կատարել իր խոստումը և բավարարել ընդդիմության պահանջները։

Այդ նպատակով եռյակի ուժերը, խորհրդակցելով խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ, առաջիկայում նախատեսում են հրավիրել արտահերթ նիստ՝ Ընտրական օրենսգրքում բարեփոխումներ կատարելու, մասնավորապես, մեծամասնական ընտրակարգը վերացնելու և ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու հարցի շուրջ:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները ոչ իշխանական ուժերի 12 պահանջներից 10-րդ կետն է:

Այսօր եռյակի նիստից հետո Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե արտահերթ նիստում այդ հարցի քննարկման միջոցով ժողովրդին ցույց կտան՝ որքանով է իրական Սերժ Սարգսյանի ընդդիմության հետ երկխոսելու ցանկությունը:

«Մենք այդ քայլը անում ենք, և այդ քայլով կստուգվի արդյոք իշխանություններն իրենք իրենց խոստումներին որևէ արժեք տալի՞ս են, թե՝ ոչ, արդյոք Սերժ Սարգսյանն ինքն իր խոսքին որևէ արժեք տալի՞ս է, թե՝ ոչ։ Դա արդեն իր ապացուցելու խնդիրն է։ Մեր նպատակը լինելու է կամ հասնել հաջողության այդ հարցում, կամ ապացուցել նրա խոսքերի դատարկությունը», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ եռյակին ուղղված առաջարկին՝ հատուկ թիմ ձևավորել և հերթով քննարկել 12 պահանջները, ապա Լևոն Զուրաբյանն ասաց, որ եռյակն այսօր որոշում է կայացրել՝ այս հարցով որևէ քննարկման մեջ իշխանության հետ չմտնել, քանի որ Հանրապետականն այդ կերպ փորձելու է ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ և անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ և արդյունքում կոտրել համաժողովրդական շարժման թափը:

Եռյակի համոզմամբ՝ անհրաժեշտ քաղաքական կամք ունենալու դեպքում իշխանությունները առանց որևէ բանակցության էլ կարող են կատարել բոլոր կետերը, այդ թվում նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումը:

Ինչ վերաբերում է եռյակի կողմից զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպելու խնդրին, ապա ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը որոշել են դեկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մարդու իրավունքներին նվիրված հանրահավաք-երթ անցկացնել:

«Դեկտեմբերի 10-ին համաժողովրդական շարժման համակիրներին, մասնակիցներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք Ազատության հրապարակ, որտեղ շարժման կողմից կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, մեր անելիքները, որոնք կապված են ոչ միայն մարդու իրավունքների հետ, այլև բնականաբար համաժողովրդական շարժման անելիքների հետ, և մենք պատրաստվում ենք այդ օրը հզորագույն մի երթ անցկացնել Երևանում», - ասաց Զուրաբյանը։

Լևոն Զուրաբյանը հրաժարվեց պատասխանել, թե համաժողովրդական շարժմանն ի վերջո ե՞րբ կհաջողվի իշխանափոխության հասնել։ ՀԱԿ խմբակցության ղեկավարի փոխանցմամբ կոնկրետ ժամկետները նշելը լուրջ չէ: Կարևորն այն է, որ իշխանափոխության համար բոլոր նախադրյալները ստեղծված են:

«Հայաստանի պատմության մեջ եղել են նման փորձեր, երբ կոնկրետ հայտարարվել են ոչ միայն օրը, այլև իշխանափոխության ժամը։ Մենք, իհարկե, մեր հարգանքի տուրքն ենք տալիս այդ գործիչների լավատեսությանը, բայց կարծում ենք, որ դա լուրջ մոտեցում չէ։ Իշխանափոխության բոլոր նախադրյալները կան, ժողովրդի համբերությունը սպառված է, և ներքին, և արտաքին բոլոր գործոնները հասունացած են, և մենք ընթանում ենք այդ ճանապարհով»,- ասաց Զուրաբյանը։

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ ի վերջո եռյակը հասնի հերթական ընտրություններին, թե այնուամենայնիվ, կհասնեն արտահերթ լուծումների, Զուրաբյանը պատասխանեց.- «Մեծ զորավարներն անգամ ճակատամարտից առաջ գուշակությամբ չեն զբաղվել։ Նրանք զբաղվել են այդ հաղթանակի կազմակերպման գործով։ Ոչ Հանիբալը, ոչ Նապոլեոնը նման բաներ չեն արել»։

Արձագանքելով 12 կետերի շուրջ երկխոսելու՝ իշխանության առաջարկը մերժելու եռյակի հայտարարությանը, Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր զգուշացրեց՝ դրանով այդ ուժերը մարգինալացվելու են:

«Իսկ մարգինալացված ուժերը գնում են դեպի ոչնչացում, ոչ թե ֆիզիկական ոչնչացում, բարոյահոգեբանական՝ քաղաքական դաշտից։ Գոնե վերջին տարիները ցույց են տվել, թե ով է ուզում ժամանակ ձգել, ով է վճռական պահին պախկվում, ով վճռական պահին կարծիք չի հայտնում։ Առաջին անգամ չէ, որ հանրապետության նախագահը կոչ է անում երկխոսության։ Ուլտիմատներով երկխոսություն չի լինում։ Եթե մենք չենք հանդուրժում նախապայմանները արտաքին քաղաքական ճակատում, կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների հարցում, մենք պետք է նաև գիտակցենք, որ նախապայմանները անթույլատրել են նաև ներքաղաքական բանակցություններում։ 21-րդ դարը ժողովրդավարության դար է, կապրիզի դար չէ, ուլտիմատումի, շանտաժի դար չէ»,- ասաց Շարմազանովը։

Արձագանքելով մեր այն դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ ըստ էության, ՀԱԿ-ի ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ եռյակի հետ երկխոսելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը ձախողվեց, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե չի կարծում, որ այդ գործընթացը ձախողվել է, ինքը լավատես է, և հետո՝ քաղաքական դաշտը եռյակի ուժերով չի սահմանափակվում: