Սերժ Սարգսյանը ուղղաթիռով է ժամանել Ստեփանակերտ

Your browser doesn’t support HTML5

Ստեփանակերտի օդանավակայանում Հայաստանի նախագահին դիմավորել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Հինգշաբթի օրը Լեռնային Ղարաբաղ է ժամանել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախագահի գրասենյակի հրապարակած տեսանյութից երևում է, որ նա Ղարաբաղ է ժամանել ուղղաթիռով։

Սերժ Սարգսյանը ժամանել է Ստեփանակերտի օդակայան, 13-ը նոյեմբերի, 2014թ․

Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի հետ հետևել է Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին, ինչից հետո այցելել է զորամասեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանը փոխանցել են, թե ոչ թռիչքային գոտի հայտարարելուց հետո «օկուպացված տարածքներում» ոչ մի թռիչք տեղի չի ունեցել, մինչդեռ Հայաստանի նախագահի գրասենյակի տարածած լուսանկարներից երևում է, որ այսօր զորավարժությունների ընթացքում կրկին ուղղաթիռներ են օգտագործվել:

Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի ճակատագիրն անորոշ է

Կասկածներ կան, որ խոցված ուղղաթիռի անձնակազմից որևէ մեկը կարող է ողջ լինել, մինչդեռ դա ճշտել դեռևս չի հաջողվում, քանի որ ադրբեջանական կողմը ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում, «Ազատության» հետ զրույցում ասաց Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Ուղղաթիռը գտնվում է շփման գծի չեզոք հատվածում: Նախապես հայտարարվել էր, որ անձնակազմի երեք անդամները զոհվել են։

Անցած գիշեր համացանցում է հայտնվել ուղղաթիռի խոցման տեսանյութը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ տեսանյութում խոցվող ուղղաթիռը հայկական է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, թե հայկական ուղղաթիռը խփվել է պատասխան կրակով, երբ գրոհում էր ադրբեջանական բանակի դիրքերը։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այդ տեսանյութը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհել: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից տարածված տեսանյութում երևում է, որ հայկական երկու ուղղաթիռներ պարզապես թռիչք են կատարում, երբ ադրբեջանական կողմից կրակի արդյունքում ուղղաթիռներից մեկը խոցվում է։

Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է կատարվածը՝ այն որակելով որպես «հանցավոր սադրանք»։ Հաղորդագրությունում նշվում է, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ուժի չկիրառման կոչերը, այլև հակառակ է գործում դրանց։

«Իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է», - ասված է Հայաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Միջադեպին անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ հայտարարելով, թե Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հռչակում և այդ մասին արդեն տեղեկացրել է Քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին։

Հայկական Զինված ուժերի ուղղաթիռները զորավարժությունների ժամանակ, 13-ը նոյեմբերի, 2014թ․

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում։ Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թռիչքներ հենց այսօր էլ իրականացվել են և շարունակվելու են՝ շեշտելով, որ Ղարաբաղի օդային տարածքը բաց է:

«Իրոք փակ է, բայց Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար, ուղղակի նրանք պիտի տղամարդկություն ունենային այս երկրորդ մասը նույնպես նշեին», - ասաց Բաբայանը:

Նա նույնպես հաստատեց այն կասկածները, որ անձնակազմի անդամներից մեկը կարող է ողջ լինել: Այս պահին աշխատանքներ են տարվում դա ճշտելու համար։

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի վերադարձնենք անձնակազմի դիակները, բայց արդեն դիմել ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, այսինքն՝ քաղաքակիրթ ձևով ենք ուզում դա իրականացնել» - նշեց Դավիթ Բաբայանը:

Ղարաբաղյան կողմը դիմել է Կարմիր Խաչին

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունից տեղեկացրին, որ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը այսօր դիմել է Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված անզեն ուղղաթիռի կապակցությամբ։

Հանձնաժողովը խնդրել է ԿԽՄԿ-ին օժանդակել ուղղաթիռի անձնակազմի գտնվելու վայրի ճշգրտման և նրանց վերադարձման հարցում։

Կարմիր Խաչի հայաստան ներկայացուցչության խոսնակ Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դիմումը արդեն ստացել են և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։