Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում աշխատանքային այցով Ղարաբաղում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական հատվածում Պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ և ԼՂ նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են Պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ունկնդրել ՊԲ հրամանատարի որոշումը: