Եռյակը նախապայման է առաջադրում իշխանություններին

Your browser doesn’t support HTML5

Ոչ իշխանական եռյակը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունն» այսօր նախապայման դրեցին նախագահ Սերժ Սարգսյանի առջև՝ կա՛մ կատարվում է 12 պահանջներից կոնկրետ 10-րդ կետը, կա՛մ եռյակը իշխանության հետ քննարկումների մեջ չի մտնում:

Ոչ իշխանական ուժերի՝ դեռ հունիսին հրապարակած 12 կետերից 10-րդը վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը: Ոչ իշխանական ուժերն առաջարկում են ամբողջությամբ անցում կատարել համամասնական ընտրակարգին և հրապարակել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը:

Ինչպես այսօր եռյակի նիստից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, այս պահանջի կատարումը ցույց կտա՝ արդյոք իշխանությունն իսկապե՞ս ցանկանում է կատարել իրենց պահանջները, թե՞ հերթական անգամ փորձում է ոչ իշխանական ուժերին ներքաշել իմիտացիոն գործընթացի մեջ:

«Եթե իսկապես սա իմիտացիա չի, ուշադրություն շեղելու խնդիր չի, բարի երևալու խնդիր չի, ես կարծում եմ իշխանությանը որևէ բան չի խանգարում, որ ասի՝ հարգելի ընդդիմություն, մենք գտնում ենք, որ իսկապես 10-րդ կետը երեք ժամվա ընթացքում կարող ենք միասին լուծել, խնդրում եմ մեր առաջարկությունը ընդունեք և եկեք միասին Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարենք ձեր հայտնի շեշտադրումներով», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը:

«Ազատության» հարցին, թե իր գնահատմամբ սա իրականում իմիտացիա՞ է, Հակոբյանը պատասխանեց․ - «Որովհետև ակնկալում ենք, թեկուզ 0.1 տոկոսի հավանականություն կա, որ կարող է դրական պատասխան լինել, եկեք իմ համոզմունքը ամբողջությամբ չձևակերպեմ»:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյո՞ք 12 կետերի շուրջ քննարկումների մեջ ներգրավվելով, իշխանությունը չի փորձում ետին պլան մղել եռյակի՝ իշխանափոխության պահանջը, Ռուբեն Հակոբյանն ասաց, թե անկախ ամեն ինչից 3 քաղաքական ուժերի օրակարգում իշխանափոխության պահանջը շարունակում է մնալ:

«Մենք մեր մոտեցումներին տեր ենք: Բայց կրկնում եմ՝ ի վերջո, եթե կա բարի ցանկություն, եթե այս խորապատկերը հաշվի է առնվում և նման առաջարկություն է արվում, մենք չենք հրաժարվում այդ՝ իրենց կողմից արված առաջարկությունը միասնական ուժերով իրագործել», - նշեց նա:

Հիշեցնենք, 2 օր առաջ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն անդրադարձավ ոչ իշխանական ուժերի կողմից դեռևս հունիսին ներկայացված 12 պահանջներին՝ ընդգծելով, թե առաջարկել է Կառավարությանը ևս մեկ անգամ անդրադառնալ այդ պահանջներին և մեկ առ մեկ քննարկել դրանք:

«Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»,- ասել էր նախագահ Սարգսյանը։ Բայց ինչպես պարզվեց այսօր, բավարարված զգալու և քննարկումների մեջ մտնելու համար ոչ իշխանական ուժերը երաշխիքներ են ուզում, և առաջարկում են նախ կատարել 12 կետերից ոչ թե առաջինը, այլ 10-րդը՝ տվյալ դեպքում բարեփոխել Ընտրական օրենսգիրքը:

Մինչդեռ իշխող Հանրապետականը հայտարարում է՝ այդ նախապայմանը չեն կատարելու: Ազգային ժողովի նախագահ, Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը եռյակի նիստից հետո պատասխանելով «Ազատության» հարցին հստակ հայտարարեց՝ Ընտրական օրենսգիրքը մոտ ժամանակում չեն բարեփոխելու:

«Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կլինեն, բայց ոչ այս պահին: Ես կարծում եմ՝ մենք նախադեպ ունենք: Միշտ դա արվում է ընտրություններից մեկ տարի առաջ», - պատասխանեց Սահակյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն սա նշանակո՞ւմ է, որ Սերժ Սարգսյանի առաջարկը՝ երկխոսություն սկսել, քննարկումներ սկսել, ձախողված է, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Ձախողված չէ, երկխոսություն՝ չի նշանակում համաձայնել: Երբ կնստենք խոսելու, մենք մեր հիմնավորումները կբերենք, իրենք էլ իրենցը»:

Մեր դիտարկմանը, թե՝ «իրենք չեն նստում, ասում են՝ այս նախապայմանը կանեք՝ կնստենք», Գալուստ Սահակյանն արձագանքեց՝ «դե դրա համար թող կանգնած մնան, չնստեն»: