Մատչելիության հղումներ

Նախագահը կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ քառյակի 12 կետանոց փաստաթղթին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ընթացքին, ասել է, որ Հայաստանը տրամադրված է ավարտին հասցնելու փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը։

«Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք Սահմանադրական դատարանի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ: Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որպեսզի մենք հունվարի 1-ից լիարժեքորեն սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը»,- ասել է նախագահ Սագսյանը։

Հայաստանի նախագահը խոսել է նաև Հայաստանում ընթացող ներքին քաղաքական գործընթացների, մասնավորապես, ոչ իշխանական եռյակի պահանջների, հանրահավաքների և հայտարարությունների մասին։

«Ամենաշոշափելին այն փաստաթուղթն է, որ խորհրդարանական չորս ուժերը կոչել են 12 կետի փաստաթուղթ ևառաջարկել են, որ կառավարությունը կատարի այդ փաստաթղթում նշված կետերը: Կառավարությունն ուշադրությամբ ուսումնասիրել է և բոլորին հայտնի է, որ կառավարությունը նաև մանրակրկիտ պատասխաններ է ներկայացրել: Հիմա ունենք մի իրավիճակ, երբ խորհրդարանական ուժերը կամ եռյակը բավարարված չեն այդ պատասխաններով, իսկ կառավարությունն էլ ասում է` մենք փաթեթի վրա աշխատել ենք, մենք հսկայական գործ ենք կատարել, և սա է, օրինակ` այս կետերի մասով սա ենք արել, այս կետերը, տեսնում ենք, որ դեռևս հնարավոր չէ իրականացնել: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Այս իրավիճակում, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի և այդպիսի առաջարկություն ես կառավարությանն արել եմ, որպեսզի նորից անդրադառնան այդ փաստաթղթին, կետ առ կետ քննարկեն այդ փաստաթուղթը և նշեն կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը»,- ասել է նա։

«Առաջին կետի մասին կունենանք փոքրիկ ճանապարհային քարտեզ, կունենանք ժամկետներ, անցնեն երկրորդին, անցնեն երրորդին, որպեսզի և՛ խորհրդարանական այս ուժերը կամ եռյակն իրենց բավարարված զգան, չասեն մեզ անտեսեցին, և՛ մյուս կողմից էլ կառավարությունը, կարծում եմ, որ մեկ անգամ էլ քննարկելով, միգուցե, նոր հայացքով կարող է նայել այս ողջ փաթեթին»,- նշել է նախագահ Սարգսյանը։

Խոսելով սահմանադրական բարեփոխմանի մասին, որին ընդդիմանում է ոչ իշխանական եռյակը, Սերժ Սարգսյանն ասել է՝ մինչև փետրվար ընկած ժամանակահատվածը կօգտագործեն արդյունավետ` քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի հասնելու համար։

«Առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման դժվար է ստանալ լավ փաստաթուղթ, դժվար է ստանալ լավ Սահմանադրություն: Մեզ համար դա շատ էական է, և կարևորը սա է` որպեսզի մենք ունենանք որակապես ավելի լավ Սահմանադրություն, քան այսօր գործող Սահմանադրությունն է: Հարցի հետ կապված մնացած խնդիրները կամ հարցի շուրջ պտտվող մնացած խնդիրներն էական չեն, և ես կարծում եմ` պետք չէ ժամանակ կորցնել, այլ պետք է աշխատել: Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխաններն իրենց ժամանակին կհնչեն»,- նշել է Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG